Արդյո՞ք Իվանիշվիլին դեպի Վրաստան Ռուսաստանի վերադարձի «տրոյական ձի» է

Posted November 3rd, 2012 at 17:25 (UTC+3)
Leave a comment

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները որպես «Կրեմլի նախագիծ» էին ընդունում ընդդիմադիրների առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին:

Լուսանկար՝ «Ամերիկայի Ձայն», Ջեյմս Բրուք

Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի ակտիվիստներին և նույնիսկ վռնդել են մի գյուղից, որտեղ բնակվում են 2008 թվականի պատերազմի ընթացքում փախստական դարձած մարդիկ, որոնք Իվանիշվիլիի ակտիվիստներին «ռուսներ» են անվանել:

Վրացիներն ասում են՝ հետևեք դրամական միջոցների ծագմանը:

Իվանիշվիլին ոչ միայն վաստակել է 6,4 միլիարդ դոլար կազմող իր կարողությունը Ռուսաստանում «վայրի» 1990-ական թվականներին, այլ կարողացել է անցյալ տարի բացականին բարձր գներով վաճառել Ռուսաստանում գտնվող իր ունեցվածքը:

Ռուսաստանում օլիգարխները կարող են գոյատևել միայն Վլադիմիր Պուտինի բարյացակամ վերաբերմունքի պայմաններում: Քաղաքական հակառակորդ Միխայիլ Խոդորկովսկին բանտարկվել է: Միխայիլ Պրոխորովը հեռացել է քաղաքական գործունեությունից այս տարի նախագահական ընտրություններում ունեցած իր բավականին ոչ ակտիվ մասնակցությունից հետո: Ալեքսանդր Լեբեդևն իր հերթին հայտնաբերել է, որ Պուտինի դեմ հանդես գալու հետևանքով որևէ մեկը չի համարձակվում գնել իր ակտիվները:

Մի օր հարցրեցի Իվանիշվիլիին, թե արդկոք ինքը «Կրեմլի նախագիծ» է:

Պատասխանելով հարցին սկզբից ռուսերեն, ապա՝ վրացերեն, նա ասել է, որ անցյալ տասը տարվա ընթացքում 1,7 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Վրաստանին, ինչից հետո կատակով ավելացրեց. «Եթե դա է նշանակում Կրեմլի գործակալ լինելը, ապա Կրեմլը հանձինս ինձ Վրաստանում ունի իր ամենալավ գործակալին»:

56-ամյա Իվանիշվիլին պրագմատիզմի խորաթափանց հետևորդ է:

Կարծում եմ՝ նա կփորձի Վրաստանն ուղղել առավել չեզոք ուղղությամբ: Ամերիկացի պահպանողականներն արհամարհանքով կարող են «ֆինլանդացում» անվանել այս մոտեցումը, սակայն նման քաղաքականությունը բավականին օգտակար էր Ֆինլանդիայի համար Մոսկվայի հետ 1940-ականներին ունեցած արյունալի երկու պատերազմներից հետո:

Իվանիշվիլին ասում է, թե ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Իվանիշվիլին ողջունում է իր 100 հազար աջակիցներից մեկին Թբիլիսիի Ազատության հրապարակում: Ընտրությունների ժամանակ Թբիլիսիում իր օգտին քվեարկել է ընտրողների 75 տոկոսը: Լուսանկար՝ «Ամերիկայի Ձայն», Ջեյմս Բրուք

Բացի դեսպանությունները վերաբացելուց, դա նշանակում է նաև, որ կվերականգնվեն տնտեսական հարաբերությունները: Ռուսաստանի, որը ժամանակին Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն էր, հետ առևտուրն այժմ կազմում է Վրաստանի արտաքին առևտրի ընդամենը 4 տոկոսը՝ զիջելով Չինաստանի և Միացյալ Նահանգների հետ առևտրին: Ռուսաստանը, որի բնակչությունը 30 անգամ գերազանցում է Ռուսաստանի բնակչությանը, Վրաստանի արագ զարգացող տուրիզմի ոլորտի համար այցելուների բնական աղբյուր կարող է դառնալ:

Որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության նոր անդամ, Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել միակողմանի առևտրային պատժամիջոցները:

Հաշվի առնելով, որ Սոչիում 2014 թվականին կկայանան ձմեռային օլիմպիական խաղերը, Ռուսաստանն ունի ընդամենը մեկ տարի՝ հարավային իր սահմաններում խաղաղություն ապահովելու համար: Օլիմպիական խաղերի անցկացման սահմանամերձ վայրի մոտակայքում գտնվում է Ռուսաստանի կողմից ստեղծված բուֆերը՝ Աբխազիան, սակայն նախաօլիմպիական իրավիճակը շատ ավելի հանգիստ կլինի, եթե Վրաստանի ղեկավարությունը վերահսկողություն սահմանի երկրի անվտանգության ուժերում առկա ազգայնամոլ տարրերը:

Մոսկվայի համար Վրաստանի հետ հարաբերություններում «կարմիր գիծ» միշտ եղել են վերջինիս ՆԱՏՕ-ում անդամակցելու ձգտումները:

Ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Իվանիշվիլին վերահաստատել է ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցությանը հասնելու իր հանձնառությունը: Իրականում սակայն ռուսներն ու վրացիները կարող են հրապարակայնորեն կամ անհատական զրույցներում համաձայնվել կամ չհամաձայնվել ՆԱՏՕ-ում անդամակցության հետ՝  միաժամանակ շարունակելով զարգացնել երկու պետությունների միջև առևտուրն ու տուրիզմը:

Մոսկվայում, Բրյուսելում և Թբիլիսիում «ռեալպոլիտիկ»-ի վերլուծաբանները գիտակցում են, որ ՆԱՏՕ-ում անդամակցությունն իրականություն չի դառնա այնքան ժամանակ, որքան Ռուսաստանի 9 հազար զինծառայող պինդ-պինդ նստած են Վրաստանից առանձնացած երկու տարածքներում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում:

Անցյալ ամիս ես կանգնած էին Հարավային Օսիայից դեպի հարավ գտնվող հրադադարի գծի մոտակայքում, որտեղ լեհ խաղաղապահից վերցված հեռադիտակով տեսա պահակների նոր աշտարակները և նոր փռված փշալարը՝ եզրակացնելով, որ հրադադարի գիծն այստեղ նույնքան ժամանակավոր է, որքան երկու Կորեաների միջև առկա ապառազմականացված գոտին, որը գոյություն ունի արդեն 59 տարի:

Վրացիները գիտակցում են, որ Մոսկվայից տված ազդանշանով ռուսական ստարաբաժանումները կարող են դուրս գալ Հարավային Օսիայից և ընդամենը 45 րոպեում երկու մասի կիսել երկիրը:

Իմանալով դա՝ Իվանիշվիլին ջուրը չի գցում նախագահ Սահակաշվիլիի կողմից Միացյալ Նահանգների հետ ստեղծած սերտ հարաբերությունները: Եթե Իվանիշվիլին ցանկանում է հետևել այն, ինչ անվանում եմ «երրորդ ուղի», ապա Վաշինգտոնն իրեն անհրաժեշտ է որպես հակակշիռ Մոսկվայի համար:

Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ ըստ որոշ տեղեկությունների Իվանիշվիլին ամսական 600 հազար դոլար էր ծախսում Վաշինգտոնում աշխատող լոբիստների վրա: Ընտրությունների հաջորդ որը Թբիլիսիում նա հանդիպում է ունեցել Վրաստանն այցելած՝ ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ ամերիկացի երկու սենատորդների հետ՝ Ջեյմս Ռիշի և Ջիեն Շահինի հետ:

Անդառանալով Միացյալ Նահանգներին, նա ասաց. «Մենք քննարկել ենք ապագան, թե ինչպես զարգացնել մեր հարաբերությունները մեր մեծ բարեկամի հետ, և թե ինչպես զարգացնել ժողովրդավարությունը Վրաստանում»:

Ընտրություններից երեք օր անց, երբ արդեն ավելի հստակ կարելի էր ասել, որ ինքը կդառնա Վրաստանի հաջորդ վարչապետը, Իվանիշվիլին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է. «Օտարերկրյա իմ առաջին այցը կկատարվի Վաշինգտոն, իսկ Միացյալ Նահանգները մեր հիմնական գործընկերն է»:

Մի կողմից, Միացյալ  Նահանգները հսկա գումարներ է տրամադրել Վրաստանին՝ որպես օտարերկրյա օգնություն: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ներգրավվածությունը թույլ է տալիս Վրաստանին ստանձնել Կենտրոնական Ասիայից Կրեմլի վերահսկողությունից դուրս գտնվող խողովակաշարերով նավթի և բնական գազի տեղափոխման համար տարանցիկ երկրի դերը:

Իվանիշվիլիի պատկերացման մեջ սակայն Մոսկվան ուղեցույցի պարզապես մեկ կետերից է:

Իր սերդնի հաջողակ վրացիներից շատերի նման, նա հաղթահարել է խորհրդային իր դաստիարակությունը և բավականին հարմար է իրենց զգում Արևմուտքի պետություններում: Նա ունի Ֆրանսիայի քաղաքացիություն և խոսում է ֆրանսերեն, մեկ միլիարդ դոլար արժողությամբ ժամանակակից արվեստի իր հավաքածուն պահում է Լոնդոնում, օտարերկրյա ճարտարագետների հետ քննարկում է իր սրտին հարազատ մի նախագիծ, որով նախատեսվում է Վրաստանում կառուցել համաշխարհային ստանդարտներին համապատասխանող ցուցասհար՝ արվեստի իր հավաքածուն այնտեղ տեղափոխելու համար:

Ռուս զբոսաշրջիկները սկսել են կրկին բացահայտել Վրաստանը, սակայն հայտնաբերել են, որ Մոսկվան կորցրել է վրացիների մի ամբողջ սերունդ:

Եթե զբոսաշրջիկը ցանկանում է խոսել ռուսերեն, ապա պետք է դիմի 35 տարեկանից բարձր տարիքի անձանց: Երկու տասնամյակ առաջ ռուսերենի ուսուցումը տեղի դպրոցներում հիմնականում դադարեցվել է: Փոխարենն այժմ ամենուրեք պարտադիր է անգլերեն լեզվի դասավանդումը, իսկ ռուսերենն առաջարկվում է որպես ընտրովի երկրորդ լեզու՝ թուրքերենի և պարսկերենի նման:

Թբիլիսիի նոր հյուրանոցների՝ երկու «Մարիոթ»-ների, «Ռեդիսոն»-ի և «Հոլիդեյ Ինն»-ի  ընդունելության գրանցման սեղանի  մոտ այցելուները կարող են տեսնել տեղական անվճար հինգ օրաթերթերի անգլերեն տարբերակները: Ռուսերեն լեզվով թերթեր չկան:

Երբ առաջին անգամ այցելեցի Թբիլիսի 1991 թվականի հոկտեմբերին, բոլոր փողոցների անվանումների ցուցանակների վրա առկա ռուսերեն մասը ծածկված էր ներկով: Վրացիների այս խորը ազգայնամոլությունը Իվանիշվիլիի պրագմատիզմի հետ մեկտեղ նշանակում են միայն այն, որ Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունները նման կլինեն ոչ թե մտերմության, այլ ավելի շուտ՝ լարվածության թուլացման:

Խորհրդարանային ընտրություններից երկու օր անց լրագրողների հետ հանդիպման ընթացքում Իվանիշվիլին ասել է. «Եթե ինձ հարցնեն՝ Ամերիկա, թե՝ Ռուսաստան, ապա կպատասխանեմ, որ բոլորի հետ պետք է լավ հարաբերություններ պահպանել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ջեյմս Բրուքը «Ամերիկայի Ձայն»-ի Մոկսվայի գրասենյակի ղեղավարն է: Գրասենյակը լուսաբանում է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունները: «New York Times» օրաթերթում աշխատելու ժամանակ նա եղել է թերթի օտարերկրյա պետություններում թղթակիցներից մեկը՝ լուսաբանելով Աֆրիկայում, Կանադայում, Ճապոնիայում և Կորեայում տեղի ունեցող իրադարձությունները: Բրուքն ուսումնասիրել է ռուսաց լեզուն Բրեժնևի կառավարման ժամանակ, որպես թղթակից այցելել է Մոսկվա Գորբաչովի կառավարման վերջին ամիսների ընթացքում, ապա կրկին այցելել Ռուսաստան՝ Ելցինի օրոք և Պուտինի կառավարման սկզբի տարիներին: Նա բնակություն է հաստատել Մոսկվայում 2006 թվականին՝ սկսելով իր աշխատանքը «Bloomberg» գործակալությունում: «Ամերիկայի Ձայն»-ի Մոսկվայի գրասենյակին Բրուքսը սկսել է 2010 թվականին: Ջիմի հրապարակած նյութերին կարող եք հետևել «Twitter» կայքում՝ հետևյալ հասցեով. @VOA_Moscow.

Կարդացեք Ջեջմս Բրուքի բլոգը անգլերեն կամ ռուսերեն

Categories