Բավականին անհանգստացած էի, երբ ռուս զբոսաշրջիկներով լի «S7» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարեց Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Զբոսաշրջիկները փայլուն ապակե միջանցքով անցան այն տերմինալը, որը չորս տարի առաջ Վրաստանի հետ պատերազմի ընթացքում Ռուսաստանի ռումբերի թիրախն էր դարձել: Նրանք շարվել էին մուտքի արտոնագիր չպահանջող մասի անձնագրային վերահսկողության մասում:
Վրաստանի կոկիկ համազգեստ հագած ներգաղթային ծառայությունների ծառայողները ուշադիր ուսումնասիրում էին կարմիր անձնագրերը: Ապա ծառայողներից յուրաքանչյուրը անձնագիրը վերադառնալու հետ մեկտեղ անսպասելի մի իր է փոխանցել ստուգումն անցնող յուրաքանչյուր անձին: Այս իրը կարմիր գինու 200 միլիլիտրանոց մի շիշ էր՝ փաթեթավորված «Բարի գալուստ գինու 8000 տեսակի երկիր» մուգ կարմիր տուփի մեջ:
«Բարի գալուստ Վրաստա՛ն», – կրկնեց ծառայողը՝ ժպտալով վրացական անկաշկանդ ժպիտով:
Չնայած Կրեմլի նախազգուշացումներին՝ Ռուսաստանից դեպի Վրաստան ուղևորվող զբոսաշրջիկների հոսքը գնալով աճում է:
«Citibank Russia»-ի գնահատականների համաձայն, 2012 թվականին օտարերկրյա պետություններ ուղևորություններ կատարելու վրա ռուսները կծախսեն մոտ 50 միլիարդ դոլար: Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից կատարվող միջազգային թռիչքների ծավալն այս տարի ավելացել է 19 տոկոսով: Աճն այնքան կտրուկ է, որ Ռուսաստանի ավիաընկերությունները նախատեսում են վարձել օտարերկրյա մոտ 1000 օդաչու՝ պահանջարկին համապատասխան լրացուցիչ «Աէրոբուսների» և «Բոինգների» թռիչքներն ապահովելու համար:
Ռուսաստանի արագ զարգացող միջին դասի ներկայացուցիչները որոնում են ուղևորության նոր նպատակակետեր, սակայն շատերը նախատեսում են այցելել հայրենիքի մոտակայքում գտնվող սիրված մի նպատակակետ՝ Վրաստանը: Խորհրդրային ժամանակաշրջանում Վրաստան ամեն տարի այցելում էր 3 միլիոն զբոսաշրջիկ:
Այսօր սակայն ռուսներից շատերը պատրաստ չեն ուղևորվելու դեպի հարավ:
Մոսկվայում և Թբիլիսիում ոստիկանները պահպանում են վաղուցվանից դատարկ դեսպանատները: Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել է 2008 թվականի օգոստոսին՝ Ռուսաստանի հետ հնգօրյա պատերազմում պարտություն կրելուց փոքր-ինչ հետո: Չորս տարի անց, Ռուսաստանի մոտ 7 հազար զինծառայող դեռևս տեղակայված է Վրաստանի տարածքի 20 տոկոսը զբաղեցնող տարածքներում՝ Հարավային Օսիայում և Աբխազիայում:
Վրաստանում սակայն պատերազմի վերքերը դեռևս նույնպես թարմ են: Պատերազմի հետևանքով զոհվել է վրացի 400 խաղաղ բնակիչ և զինծառայող, 1700 մարդ վնասվածքներ է ստացել, մոտ 15 հազար ներքին տեղահանված անձ մինչ այժմ բնակվում է փախստականների գյուղերում:
Ռուսաստանում Կրեմլի կողմից վերահսկվող հեռուստատեսությունը բնակչության ուշադրությանն է անընդհատ ներկայացնում Վրաստանի մասին ահարկու պատմություններ: «Լևադա» կենտրոնի կողմից այս տարվա մայիսին անցկացված հարցման արդյունքների համաձայն, մասնակիցների 41 տոկոսը համարել է ընդամենը 4,5 միլիոն բնակիչ ունեցող Վրաստանը Ռուսաստանի անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը: (Այս թիվը մոտավորապես համապատասխանում է Ռուսաստանի այն բնակիչների հարաբերակցության, որոնք լուրերի հիմնական մասը ստանում են պետության կողմից վերահսկվող հեռուստատեսության միջոցով, որը ընդդիմության առաջնորդ Ալեքսանդր Նավալնին «զոմբիացնող տուփ» է անվանել):
Այս տարվա փետրվար ամսվա վերջին Վրաստանի իշխանությունները դիմել են պրագմատիկ քայլի՝ վերացնելով մուտքի արտոնագիր ստանալու պահանջները ռուսերի համար և այսպիսով փորձելով բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կրեմլը հրաժարվել է դիմել պատասխան գործողությունների: Փոխարենը արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին չճանապարհորդել Վրաստան:
«Ռուսաստանի քաղաքացիներից շատերն այս երկիր մուտք գործելուն պես ինքնաբերաբար կենթարկվեն հետապնդումների», – զգուշացրել է Լուկաշևիչը մարտ ամսին, երբ երկրի բնակիչները զբաղված էին իրենց ամառային արձակուրդների պլանավորմամբ: «Քանի որ Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա Վրաստանում դժվարությունների հանդիպած քաղաքացիներին հյուպատոսական և իրավական պաշտպանություն տրամադրելու համար մենք չափազանց սահմանափակ հնարավորություն կունենանք»:
Անտեսելով պաշտոնական նախազգուշացումները՝ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքն ավելացել է 55 տոկոսով: Սպասվում է, որ Վրաստան այս տարի կայցելի կես միլիոն ռուս զբոսաշրջիկ: «S7» ավիաընկերությունը, որն անցյալ տարի վերսկսել է թռիչքները Մոսկվայի և Թբիլիսիի միջև, այս տարվա հունիսին սկսել է կատարել ուղիղ չվերթներ Մոսկվայի և հանգստավայր Բաթումիի միջև: 2012 թվականի հոկտեմբերին ավիաընկերությունը ուղիղ թռիչքներ է մեկնարկել Մոսկվայի և Վրաստանի ամենամեծ երկրորդ քաղաքի՝ Կուտաիսիի միջև: Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով այս թռիչքները տեխնիկապես չարտերային են համարվում:
«Սա առաջին տարին է, երբ ռուս զբոսաշրջիկներին կարելի է տեսնել ամենուր», – ասել է ամերիկացի Լերի Շիթսը, որը վերջին 20 տարվա զգալի մասն անցկացրել է Թբիլիսիում: «Մենք խմբեր ենք տեսել Թբիլիսիում և քաղաքից դուրս, որոնք շրջում էին՝ էքսկուրսավարների ուղեկցությամբ: Սա պարզապես ապշեցուցիչ թիվ է»:
Մոսկվայում Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն հանդիպում է ունեցել Վրաստանի գինեգործների հետ, որի ընթացքում քննարկվել են վրացական գինիների ներմուծման վեցամյա էմբարգոն ավարտի հասցնելու ճանապարհները: Էմբարգոն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները: Ռուսաստանն այս կազմակերպությանն անդամակցել է այս տարվա օգոստոսին:
Ռուս զբոսաշրջիկների Վրաստան կատարվող այցելությունների կտրուկ աճը երկու խնդիր է ներկայացնում Կրեմլի համար: Նախ, դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանի բնակչության մեծ հատվածներ, հիմնականում ամենաազդեցիկ և ամենակրթվածները, գնալով ավելի հաճախ են անտեսում Կրեմլի այլատյացական աշխարհայացքը:
Երկրորդը՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները կարող են միանալ Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների բարելավումը պահանջողների շարքին: Անցյալ շաբաթ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որի վերահսկում է ռազմական արդյունաբերությունը, հեգնանքով է անդրադարձել «փափուկ» ուժին՝ «փափկասուն մարդկանց ուժ» անվանելով այն:
«Խելացի իշխանությունը և փափուկ իշխանությունը գեղեցիկ խոսքեր են, որոնք իմաստ ունեն, սակայն իրական ուժը՝ ուժ, որի հետ հաշվենկատ են լինում, ֆիզիկական այն ուժն է, որն ունենալու դեպքում հնարավոր է հարված հասցնել երկաթե բռնուցքով», – ասել է նա:
Վրաստանը սակայն, որը վերջերս էր հարված ստացել Մոսկվայի «երկաթե բռնունցքով», այժմ նախատեսում է մինչև 2020 թվականն ընդունել ռուսաստանցի 5 միլիոն զբոսաշրջիկ՝ ավելի քան մեկ ռուսաստանցի՝ յուրաքանչյուր վրացու հաշվով:
Եթե Վրաստանին հաջողվի ամեն տարի երկրում առկա անուշահամ գինիներով, համեղ ուտեստներով և ջերմ հյուրասիրությամբ գայթակղել Ռուսաստանի մի քանի միլիոն զբոսաշրջիկ, ապա տուրիստական արշավը կարող է խարխլել Կրեմլի «սառը պատերազմը» «թեժ» Կովկասում: