«Այս յոթ տարվա ընթացքում ես աշխատել եմ թիանավի ստրուկի պետ՝ առավոտվանից մինչև երեկո»: Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի և օտարերկրյա մամուլին ներկայացնելով իր նախագահության առաջին երկու տարիները, 2008թ. փետրվար:
Սա շատ լավ պատկեր է, որն ընտրողներին կարելի է ներկայացնել ընտրությունների ժամանակ:
Սակայն «Սիրիուս» անվանումը կրող իր 54 մետրանոց զբոսանավի սենյակներում Ռուսաստանի նախագահը կապված չէ շղթաներով: Փոխարենը նախագահն օգտվում է պատվերով պատրաստված ներքին հարդարումից, ըմբոշխնում է փոքրի ջրվեժի ձայնը և զբոսանավի վրա առկա գինետան հատուկ ընտրված գինիները:
«Սիրիուս» զբոսանավը այն չորս զբոսանավերից է, որոնք, Ռուսաստանի ընդդիմության «Թիանավի ստրուկի կյանքը» գրքույկի համաձայն, ընդգծում են նախագահ Պուտինի էքստրավագանտ ապրելաոճը:
Նույնիսկ եթե պատկանում եք ռուսերենին չտիրապետող աշխարհի 97,5 տոկոս բնակչության, սեղմելով այս հղմանը կտեսնեք, թե ինչպիսի դղյակներ, զբոսանավեր, ժամացույցներ և մեքենաներ են պատկանում 21-րդ Ռուսաստանի «ցար»-ին: Եթե ցանկանում եք տեղեկանալ, թե ինչ են ասում վերնագրերը, ապա օգտվեք «Google Translate» թարգմանիչ ծրագրից:
«Թիանավի ստրուկ»-ի համաձայն, դղյակների շարքում են ներառված նախագահի 20 նստավայրերը: Որոշ նստավայրերի նեո-կլասիկ ոճը կրկնում է ցարական այն պալատների ոճը, որոնցով ժամանակին զմայլվել (որոնց ցանկացել է տիրապետե՞լ) երիտասարդ Վլադիմիրը Լենինգրադում՝ այժմյան Սանկտ Պետերբուրգում անցած իր երիտասարդության ժամանակ:
Կովսակում գտնվող ալպիական «տնակի» մյուս կողմում կառուցվում է Սոչիում 2014 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայրերից մեկը:
Ինչ վերաբերում է ժամացույցներին, Ռուսաստանի նախագահն ամենայն հավանականությամբ սրտին մոտ է ընդունել «Տղամարդու մասին կարելի է դատել իր ժամացույցով» գովազդային հայտարարությունը:
Ուսումնասիրելով Ռուսաստանի նախագահի հարյուրավոր լուսանկարներ՝ ընդդիմության հետազոտողները եզրակացրեցին, որ նախագահի ժամացույցների հավաքածուն ներառում է շքեղ 11 ժամացույց: Հավաքածուի ընդհանուր արժեքը վեց անգամ գերազանցում է նախագահի հայտարարագրված տարեկան եկամուտը, որը կազմում է 112 հազար դոլար:
Օդով տեղափոխվելու համար կա 43 ինքնաթիռ և 15 ուղղաթիռ: Այս հավաքածուի ամենաշքեղ օդանավն է «Իլյուշին» ընկերության կողմից արտադրված նախագահական ինքնաթիռը, որի ներքին ոսկեզօծ հարդարանքը կատարվել է Ռուսաստանի կրոնական կենտրոններից մեկի՝ Սերգիև Պոսադի վարպետների կողմից:
Մեքենաներից է «Mercedes» մակնիշի լիմուզինը՝ ոսկով հարուստ զարդարված ներքին հարդարանքով:
Ի համեմատություն, որպես անհատական ունեցվածք Ռուսաստանի նախագահը նշում է երեք մեքենա՝ բոլորը խորհրդային հին ավտոմեքենաներ, ինչպես նաև իր հայրիկից որպես ժառանգություն թողած մեկ ավտոկցորդ:
Նախագահ Պուտինի երկարամյա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքում է նախագահի կողմից մեծ կարողություն կուտակելու մեղադրանքները՝ «ընդդիմության կողմից կեղծ բացահայտումներ» անվանելով դրանք: Նրա համաձայն, բոլոր դղյակները, մեքենաները և զբոսանավերը պատկանում են նախագահի վարչությանը՝ նոր անուն, որը կրում է Կրեմլը:
Ռուսաստանի բազմաթիվ բնակիչներ սակայն մտավախություն ունեն, որ իրենց երկրը մնացել է 18-րդ դարում երբ երկրի ամենահարուստ մարդը եվրոպական երկրում անպայման պետք է լիներ թագավորը:
Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV ժամանակին պետությունը հավասարեցրել է իրեն՝ ասելով. «L’etat, c’est moi» թարգմանաբար՝ «Պետությունը ես եմ»:
Ռուսներից շատ քչերն են կարծում, որ իրենց պետությանը պետք է մի առաջնորդը, որը, սկանդինավյան երկրների ղեկավարների օրինակով, տեղափոխվի հեծանիվի վրա:
Ռուսների մի զգալի մաս, այնուամենայնիվ, կարծում է, որ իրենց նախագահը անցել է թույլատրելի բոլոր սահմանները: Նրանց կարծիքով, Պուտինը շրջապատված է քծնող և նախագահից օգուտ քաղելու ակնկալիք ունեցող մարդկանցով, որոնք, «ցար»-ին ցուցադրելով «զանգուլակներ», փորձում են գործնական օգուտ քաղել:
«Թիանավի ստրուկի կյանքը» գրքույկի հեղինակներ Բորիս Նեմցովն ու Լեոնիդ Մարտինյուկը գրում են, որ Պուտինի ապրելաոճը կարելի է համեմատել Պարսից ծոցի շեյխի կամ էքստրավագանտ օլիգարխի ապրելաոճի հետ: «Սիրիուս» զբոսանավի տարեկան պահպանման վրա ծախսվող գումարի չափը «հավասար է 1200 թոշակառուին տարեկան տրվող կենսաթոշակին»:
Այժմ հասկանալի է, թե ինչու 32 էջանոց գրքույկը չի համարձակվում տպել Ռուսաստանի տպարանների մեծ մասը:
Հեղինակները, երկուսն էլ՝ «Միասնություն» շարժման առաջնորդներ, տպելով գրքույկի սահմանափակ՝ 5000 տպաքանակ, անցել են համացանցի միջոցով գրքույկի տարածման: «Facebook» կայքում գրքույկը հավանության արժանացրած՝ «like» կոճակը սեղմած մարդկանց թիվը մոտ երեք հազար է: Համակարգչի մկնիկը մեկ անգամ սեղմելով՝ Ռուսաստանի յուրաքանչյուր բնակիչ, ըստ էության, երկրի հետախուզական ծառայություններին ստիպել է իր անունից բացել մի առանձին թղթապանակ:
«Թիանավի ստրուկի կյանքը» տարածվել է ոչ միայն Ռուսաստանի համացանում, այլև ամբողջ աշխարհում՝ Կրեմլի կողմից «Փուսի ռայըթ»-ը համաշխարհային բրենդ դարձնելուն նպաստելու ժամանակից չտեսնված արագությամբ: «Google»-ում որոնում կատարելով «Պուտին թիանավի ստրուկ» բառակապակցության օգտագործմամբ հնարավոր է նկատել, որ Կրեմլի պնդունմ այն մասին, որ նման տեղեկատվություն տարածում են միայն Արևմտյան աղբյուրները, իրականությանը չի համապատասխանում:
Ռուսաստանի հարուստ և հայտնի ղեկավարի մասին գրել են հետևյալ թերթերը՝ «Indian Express», «Dawn» (Պակիստան), «Gulf Today» (Արաբական Էմիրություններ), «Malaysian Times», «Chosun Ilbo» (Հարավային Կորեա) և «Shanghai Daily»: Եվ դա միայն անգլիալեզու մամուլն է:
Այո, Լյուդովիկոս XIV-ը՝ «Արև արքան», եղել է Եվրոպայի պատմության մեջ ամենաերկար ժամանակ երբևէ կառավարած թագավորը: Նա կառավարել է երկիրը 72 տարի:
Ոչ, 17-րդ դարում «Facebook» չկար:
Հետաքրքիր է, թե որքան ժամանակ ռուսները կշարունակեն հանել գլխարկները՝ ողջունելով Պուտինի անցնող շարասյունը: