«Արժե՞ արդյոք թիթեռին ենթարկել դաժան մահապատժի» Ալեքսանդր Փոուփ, 1735թ.
Այս ամառ Վլադիմիր Պուտինը փորձել է «դաժան պատժի» ենթարկել Մոսկվայի երեք թիթեռների՝ Ռուսաստանի դատական ժանգոտած համակարգի միջոցով:
«Փուսի Ռայըթ»-ի մասնակից երեք աղջիկներն ուրբաթ օրը՝ օգոստոսի 17-ին, դատապարտվել են երկու տարվա ազատազրկման՝ եկեղեցում ոչ պատշաճ երգեր երգելու համար:
Ստալինի ցուցադրական դատավարությունները զարհուրելի էին:
Պուտինի ցուցադրական դատավարությունները վերածվել են շոուի:
Մոսկվայի դատարաններից մեկի դահլիճը դատավարության յուրաքանչյուր օր բեմ է ծառայել «ակվարիում» անվանվող ամբաստանյալների խցում պահվող գրավիչ երեք աղջիկների համար:
Օրեց օր աղջիկները գնալով վերածվում էին միջազգային մասշտաբի աստղերի, և նույն տեմպերն ընդունում էին Կրեմլի կողմից ձեռնարկվող տեղեկատվական պաշտպանիչ գործողությունները:
Դատավարության ավարտին նկատելի էր հետևյալը՝ «Playboy» ամսագրի ուկրաինական հրատարակության խմբագիրները նախատեսել են ամսագրի համարի կենտրոնում տեղադրել ամբաստանյալներից մեկի՝ Նադեժդա Տոլոկոննիկովայի, որն, ըստ «Financial Times» ամսագրի, «Անջելինա Ջոլիի շուրթերն ունի», լուսանկարների մի հավաքածու:
Համացանցի թևերին «Փուսի Ռայըթ» խմբի երեսը ծածկող գույնզգույն գլխարկը հայտնի է դարձել ամբող աշխարհում: Խմբի մասնակիցների հետ միասնականության ցույցերին մասնակցել են ինչպես Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի քաղաքագլուխը, որը պարում էր՝ գույնզգույն գլխարկը գլխին, այնպես էլ Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում Ռուսաստանի հյուպատոսության պատերին կարմիր ներկ շփող՝ կուրծքը բաց ցուցարարներից մեկը, որին ներկ շփելու ընթացքում լուսանկարում էին ֆոտոլրագրողները:
Երեք երիտասարդ կանանց դատավարության արդյունքում հնարավոր եղավ հասնել նրան, ինչին չկարողացավ հասնել Մոսկվայում այս տարվա փետրվար ամսին դաժան ցրտի պայմաններում անցկացված բողոքի ցույցը, որին մասնակցել էր 100 հազար ցուցարար՝ աշխարհի ուշադրությունը սևեռվեց Ռուսաստանի ավտորիտար կառավարության վրա:
Դատարանի մոտ՝ մինչև օգոստոսի 17-ը նշանակված դատավճռի ընթերցման օրը հավաքվել էր ռուսաստանյան և օտարերկրյա մոտ 100 լրատվամիջոցի ներկայացուցիչ (քանի որ անցյալ տարի Մոսկվայում քրեական գործերով դատավարությունների 99 տոկոս դեպքերում մեղադրական է ներկայացվել, այս գործով անցնողներին տրվելիք դատավճռի վերաբերյալ ոչ ոք կասկածներ չուներ):
Միջազգային հանրությունը լրատվամիջոցների ուշադիր հայացքի շնորհիվ տեսավ դատական մի համակարգ, որը նման է «Ալիսան հրաշքների երկրում» հեքիաթի մի կորսված մասի:
Նախ և առաջ, դատական նիստերի դահլիճում կար ոստիկանության մի մեծ շուն, որը կարծես վարժեցված էր ձայն տալու դատապաշտպանների ելույթի ժամանակ:
Կային դատախազներ, որոնք պաշտոնական «կրոնական ատելիությամբ պայմանավորված խուլիգանություն» մեղադրանքը ծաղկացրել են՝ օգտագործելով ինկվիզիցիայի ժամանակ օգտագործված «սրբապղծություն» և «վիրավորանք» բառերով:
Կային նաև դատական կատարածուների, որոնք դուրս էին հրավիրում դահլիճից հասարակության այն ներկայացուցիչներին, որոնք նայում էին պատուհանից դուրս՝ ամբաստանյալների հետ միասնության ցույցերին: Կատարածուները մի օր հրաժարվել էին ներս թողնել պաշտպանության գրեթե բոլոր վկաներին: Դրանից հետո դատավորը «չի ներկայացել» նշում է կատարել վկաների անունների կողքին՝ ջնջելով նրանց անունները վկաների ցուցակից:
Նախագահ Պուտինի քաղաքական նախկին մրցակից Միխայիլ Խոդորկովսկիի դատավարությունը երկու տարի առաջ անց է կացվել դատական նիստերի նույն դահլիճում: Բանտի իր խցից Խոդորկովսկին «Փուսի Ռայըթ»-ին սատարող նամակ է գրել՝ ասելով. ««Դատավարություն» բառը հնարավոր է օգտագործել միայն միջնադարյան ինկվիզիցիայի կողմից այն օգտագործելու իմաստով»:
Տոլոկոննիկովան համաձայնել է՝ ասելով. «Չեմ հավատում այս դատարանին: Այստեղ դատարան չկա: Սա պարզապես շղարշ է»:
Մեղադրող կողմի մի քանի վկաների վկայությունների տեքստերը եղել են միանման՝ պարունակելով ուղղագրական և քերականական նույն սխալները, ինչի պատճառով դատապաշտպանները եզրակացրել են, որ 1800 էջ ծավալով դատական գործը կազմողներից ինչ-որ մեկը «պատճենելով է զբաղված եղել»:
Հիսուս Ամենափրկչի տաճարի մոմավաճառ Լյուբով Սոկոլոգորսկայի վկայությունը եղել է վիրավորական փանք-ներկայացման մասին ամենացնցողը:
Խոսելով «Փուսի Ռայըթ»-ի պարի մասին, նա ասել էր. «Այս ամենը նման էր սատանայական պարի: Նրանք բարձրացնում էին ոտքերը, և գոտկատեղից ցածր գտնվող ամեն ինչ երևում էր»:
Իրականում, ինչի մեջ կարող են համոզվել համացանցի միլիոնավոր օգտագործողներ, աղջիկները կարճ շրջազգեստների տակից հագած ունեին գույնզգույն տրիկոներ: Նման հագուստը սակայն հանցանք է Ռուսական ուղղափառ եկեղեցու ներսում, որտեղ կանայք պետք է հագն ունենան մուգ գույների խիստ զգեստ և ծածկել գլուխը, սակայն ոչ իրենց դեմքերը:
Դատապաշտպանները յոթ անգամ դիմել են դատավոր Մարինա Սիրովային ինքնաբացարկ հայտարարելու հարցով: Յոթ անգամ դատավորը խորհրդակցել է ինքն իրեն հետ: (Պատկերացնու՞մ եք իր ուղեղի մեջ անցնող մտքերը: «Մտածի՛ր, մտածի՛ր: Օգոստոսն ամառանոցու՞մ անցկացնեմ, թե՞ լկտի ֆեմինիստների հետ»:) Յուրաքանչյուր անգամ հաղթանակ էր տանում իր ուղեղի դատական մասը, և նա շարունակում էր վարել գործը:
Սակայն սթրեսը պարբերաբար իրեն զգացնել էր տալիս: Մի անգամ, երբ ընթերցվում էին «Փուսի Ռայըթ»-ի այն երգի վիրավորական բառերը, որն աղջիկները երգել են տաճարում, դատավորը բացականչել էր՝ ասելով. «Քաղաքավարություն մտցրե՛ք ձեր (հայհոյանք): Մենք գնում ենք դատախազների մոտ»:
Դրանից հետո ամբաստանյալները ծիծաղեցին և աչքերը վեր բարձրացրեցին՝ ուղեկցվելով սպեցնազի, կամ հատուկ ուժերի, խոշորակազմ ծառայողների կողմից:
Ձեռնարկվել էին անվտանգության այնպիսի խիստ միջոցներ, որ երբ ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով դատական նիստերի դահլիճում գտնվողներն էվակուացվել են, երիտասարդ երեք կանանց թողել էին դահլիճում՝ իրենց խցում:
Դատավարության ընդմիջման ժամանակ գույնը թափած հնաոճ մորուքով մի մարդ վազում եր դատարանի փողոցի մեկ ծայրից մյուսը՝ գոռալով՝ «Մեր կանայք ազատ են: Պուտինի կին ստրուկներն ազատ չե՛ն»:
Դատավարության կանոնները թույլ էին տալիս ամբաստանյալներին ուղերձով դիմել դատարանին: Յուրաքանչյուր արտահայտությունից հետո հասարակությունը և «անկախ» մամուլի բազմաթիվ ներկայացուցիչները բուռն ծափահարությունների էին արժանացնում ելույթ ունեցողին:
«Սա թատրոն չէ», – երկու անգամ արագ արձագանքել էր դատավոր Սիրնովան, որը, երրորդ անգամ կրկնելուց հետ, հանձնվեց:
Երեք կանանց դահլիճից դուրս բերելու ժամանակ դատավարության դահլիճ այցելածները ոտքի էին կանգնել՝ ծափահարելով նրանց: Ծափահարությունները շանը ստիպեցին ավելի բարձր հաչալ:
Դատական դահլիճից դուրս տիրում էր է՛լ ավելի թատերական իրավիճակ:
«Փուսի Ռայըթ»-ի կողմնակիցները Մոսկվայի տեղական թատրոններում կազմակերպում էին ամբաստանյալների հայտարարությունների ընթերցումներ: Դատավճռի ներկայացման օրը «Փուսի Ռայըթ»-ի դիմակներ էին դրել Մոսկվայի արձանների գլխներին՝ շտապելով համացանցում տեղադրել դրանց նկարները, քանի որ քաղաքի վրդովված բնակիչներն արագ հանում էին դրանք արձաններից:
Փանք-ռոք խմբի անդամներին աջակցություն են ցուցաբերել երաժշտության միջազգային բազմաթիվ աստղեր և Հոլիվուդի դերասաններ՝ Մադոննան, Բյորկը, Փոլ ՄըքՔարջին, «Փեթ Շոփ Բոյզ», ինչպես նաև «Մատանիների տիրակալ» հանրաճանաչ կինոնկարում Ֆրոդոյի դերակատար Էլայջա Վուդը:
«Դժվար է հավատալ, որ սա երազ չէ», – գրել է Տոլոկոննիկովան՝ արձագանքելով Ռուսաստանից և արտերկրից ստացվող օժանդակության:
Բազում տարիներ միջազգային հանրության ճանաչման համար պայքարող Ռուսաստանի ընդդիմության որոշ ներկայացուցիչներ և կատարողներ նույնիսկ խանդի մի փոքր խայթ են զգացել:
Նման ճանաչման արժանանալ չկարողացած փոփ երգչուհի Վալերիան բողոքել էր՝ ասելով. «Ի՞նչ մի մեծ բան է այս «Փուսի Ռայըթ»-ը, որ միջազգային բոլոր այս աստղերը սատարում են նրանց»:
Ռուսաստանի ընդդիմության վետերան, Տրոցկիի ոճի սուր մորուք կրող Էդուարդ Լիմոնովը բողոքել է հնարավոր բողոքարկումների մասին: «Ընդդիմությունը դեռ երկար ժամանակ կլացի երիտասարդ խեղճ կանանց ճակատագրի մասին: Սա լավ երգ է, պետք է նորից երգել՝ Փուսի, փուսի ռայըթ: Երբևէ եղած ամենահիմար կոֆլիկտներից է»:
Դեռևս մարտ ամսին, երբ Մոսկվան պատված էր ձնով և սառույցով, Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլ I-ը «սրբապղծություն» է անվանել մեկ րոպե տևողությամբ փանք աղոթքը և դատական հետապնդում մեկնարկելու կոչ է արել:
Դատարանում հայտնված երեք կանանցից երկուսը փոքր երեխաներ ունեն: Բանտում անցկացված հինգ ամիսների ընթացքում նրանք չեն տեսել իրենց երեխաներին:
Ամառը հոգևորականների դեմ ուղղված նոր շարժում էր ծավալվում Ռուսաստանում, մասնավորապես երիտասարդների շրջանում: Դատավարության անցկացման ժամանակ Ռուսաստանի բնակչության 75 տոկոսն էր արդեն պահանջում, որ եկեղեցին չխառնվի քաղաքականության մեջ:
«Վեդոմոստի» օրաթերթի հեղինակ Կոնստանտին Սոնինը զգուշացրել է. «Վերջին անգամ եկեղեցին այսպիսի մեծ վնաս է հասցրել իր հեղինակության 1901 թվականին՝ եկեղեցուց հեռացնելով Լև Տոլստոյին»:
Քաղաքական վերլուծաբան Գեորգի Բովտը համաձայնվել է՝ գրելով թերթերում հրապարակված հոդվածներից մեկում. «Մեկնարկելով Միջին դարերի ոճով կազմակերպված վհուկաորսը՝ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին կրթված մարդկանց աչքերում անվերականգնելի հարված է հասցրել ինքն իրեն»:
Ութ օր տևած դատավարության ընթացքում եկեղեցին որևէ հայտարարություն չի արել: Դատավճիռն ընթերցելու օրը պատրիարք Կիրիլը այց էր կատարում Լեհաստան, որտեղ հանդիպել էր կաթոլիկ եկեղեցու առաջնորդների հետ: Մոսկվայում սակայն եկեղեցին դիմել է իշխանություններին՝ ամբաստանյալների նկատմամբ գթասրտություն ցուցաբերելու խնդրանքով: Այս մասին հայտարարությունը սակայն հրապարակվել էր օրվա վերջում՝ դատավոր Սիրովայի կողմից երեք կանանց դատավճիռն ընթերցելուց հետո:
«Փուսի Ռայըթ»-ի մասնակիցներն ասել են, թե տաճարում իրենց ելույթը պայմանավորված է եղել պատրիարք Կիլիրի նկատմամբ իրենց զայրույթով, որը մարտ ամսին անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում աջակցել է նախագահ Պուտինին: Ամբաստանյալներից մեկը՝ Մարիա Ալյոխինան, դատավճիռն ընթերցելուց առաջ արված իր հայտարարության մեջ ասել էր. «Որպես մեր սերնդի ներկայացուցիչ, մենք ապշած ենք իր կողմից ձեռնարկված գործողություններով և կոչերով: Մենք ցանկանում էինք և ցանկանում ենք երկխոսություն սկսել»:
Ռուսաստանի պահպանողականներն անակնկալի եկան առաջին հայացքից մարգինալացված խմբերից մեկի գործողությունների պատճառով:
Օգոստոս ամսվա սկզբին Մոսկվա էր այցելել Մադոննան, որն իր համերգի ժամանակ ելույթ էր ունեցել՝ գլխին դրած «Փուսի Ռայըթ»-ի դիմակը, իսկ ամբողջ համերգի ընթացքում իր մեջքին գրված են եղել «Փուսի Ռայըթ» բառերը:
Պահպանողական կազմակերպությունների առաջնորդները, կրելով «Ուղղափառություն կամ մահ» շապիկներով, լրագրողների առջև վառում են Մադոննայի և «Փուսի Ռայըթ»-ի պատկերով պաստառները: Նրանց առաջնորդներն ասել են, թե «Մենք նրանց բոլորին կտրատելու և այրելու ենք՝ ճիշտ այնպես, ինչպես դա արվել է Միջին դարերում»:
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Մադոննային ուղղված հաղորդագրություն էր թողել «Twitter»-ում՝ ասելով. «Հանիր խաչը կամ հագիր տապատդ»:
Պահպանողական հեռուստահաղորդավար Մաքսիմ Շևչենկոն մեղադրել է Մադոննային և Արևմուտքի այլ ներկայացուցիչներին Ռուսաստանում «Փուսի Ռայըթ»-ն արգելելու մասին սուտ տեղեկություններ տարածելու մեջ:
«Ինչպես հնարավոր է արգելել խումբը, եթե առաջին հերթին արգելու որևէ բան չկա», – գրել է նա «The Moscow Times» թերթում: «Այս խումբը որևէ ձայնասկավառակ չի թողարկել: Նրանք նույնիսկ երաժիշտներ չեն: Նրանք ճանաչում փնտրող կատարողներ են, որոնք իրենց ապրուստը վաստակում են սկանդալների միջոցով»:
Դատապարտվելուց առաջ բալերինա Անաստասիա Վոլոչկովան «LiveJournal»-ի իր բլոգում գրել էր, որ երեք այս կանայք պետք է դատապատրվեն հասարակական զուգարանները մաքրելու:
«Փուսի Ռայըթ» խմբի մասնակիցների դրական, ֆեմինիստական պատկերի վրա սև բիծ գցելու համար պահպանողականները համացանցում տեղադրել էին 2008 թվականին անցկացված «կատարողական արվեստի» բողոքի ցույցի ժամանակ արված լուսանկարները, որի ընթացքում յոթ ամսական հղի Տոլոկոննիկովան մասնակցել է երեկոյան ուշ Մոսկվայի կենսաբանական թանգարանում պահվող կենդանիների խրտվիլակների մեջ անցկացված խմբակային օրգիայում:
Դրա քաղաքական ուղերձն էր բողոքն ընդդեմ նախագահի պաշտոնական թեկնածու Դմիտրի Մեդվեդևի, որի ազգանվան հիմքում ընկած է ռուսական «արջ» բառը:
Սակայն քանի որ «Փուսի Ռայըթ»-ի մասնակիցների դատապաշտպանները նախապատրաստվում են բողոքարկման երկար գործընթացին Ռուսաստանում, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Մոսկվայի պահպանողականները փորձում են երաշխավորել, որ այս «գեղագիտական» լուսանկարները դեռ երկար ժամանակ մնան համացանցում:
Հաջորդը դատարանում կարող է հայտնվել շախմատի նախկին չեմպիոն և Ռուսաստանի ընդդիմության ներկայիս առաջնորդ Գարի Կասպարովը:
«Փուսի Ռայըթ»-ի մասնակիցների դատավճիռը կայացնելու օրը նա եղել է դատարանի շենքի մոտակայքում ձերբակալված ցուցարարներից և պարզապես հավաքվածներից մեկը: Մի քանի ժամվա ընթացքում ոստիկանությունը մեղադրել է Կասպարովին ոստիկաններից մեկի մատը կծելու մեջ՝ հարուցելով հարձակման վերաբերյալ հետաքննություն: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել հինգ տարի ազատազրկման:
Արդեն բազմիցս ձերբակալության մեջ եղած Կասպարովն ասել է, թե չի կծել ոստիկանին: Նա պնդում է, որ ոսիկանին կծել է ոստիկանության շներից մեկը:
«Wall Street Journal» պարբերականում օգոստոսի 18-ին դատարանի մոտակայքում Կասպարովի ձերբակալության կապակցությամբ հրապարակել է «Երբ Պուտինի ավազակները եկել են ինձ մոտ» հոդվածը, որը որոշ ժամանակ եղել է կայքի «Ամենաշատ կարդացվող» ցանկի առաջին տեղում: Չգիտեի, որ պարբերական 2,1 միլիոն ընթերցողների թվում այսքան փանք կա: Կարծում էին, թե նրանք պարզապես օտարերկրյա անհետաքրքիր ներդրողներ են:
Կասպարովի դատավարության ընթացքում ենթադրաբար ցուցմունք կտա իր ատամնաբույժը: Պարզ չէ, արդյոք դատապաշտպանները որպես վկա կհրավիրեն ոստիկանության շանը:
Մոսկվայում 21-րդ դարում Պուտինի ցուցադրական դատավարությունն հնում անցկացված ցուցադրական դատավարություններին արդեն նման չէ:
Older: Ուշացող Վլադիմիրի՞ն եք սպասում: Հետաքրքիր մի գիրք վերցրեք՝ դեռ երկար կսպասեք | Newer: Լենս Արմստրոնգից մինչև Ռուսաստանի արկտիկական նավթը՝ պատասխանատվությունից մինչև անպատժելիություն |
Կրեմլն ընդդեմ «Փուսի Ռայըթ»-ի՝ աղջիկները հաղթե՛լ են
Posted September 2nd, 2012 at 17:08 (UTC+3)
Leave a comment
Older: Ուշացող Վլադիմիրի՞ն եք սպասում: Հետաքրքիր մի գիրք վերցրեք՝ դեռ երկար կսպասեք | Newer: Լենս Արմստրոնգից մինչև Ռուսաստանի արկտիկական նավթը՝ պատասխանատվությունից մինչև անպատժելիություն |