Բոստոնում ռմբակոծություններից հետո Ռուսաստանում կայանալիք սպորտային միջազգային մրցումներն անվտանգության ապահովման տեսակետից մեծ դժվարություն են ներկայացնում

Posted June 24th, 2013 at 06:06 (UTC+3)
Leave a comment

Իր տղամարդկությունն ամեն եղանակով ցուցադրել ցանկացող մարզիկ Վլադիմիր Պուտինը որդեգրել է իր նոր Ռուսաստանը միջազգային մակարդակի սպորտային իրադարձությունների կազմակերպման միջոցով առաջ քաշելու ռազմավարություն՝ ձմեռային օլիմպիական խաղերից մինչև «Գրանդ Փրի» ավտոմրցավազքը: Reuters՝ Ալեքսեյ Դրուժնին

Բոստոնի ռմբակոծությանը նախորդող լուսապայծառ օրերին սպորտի ջատագով Վլադիմիր Պուտինը որոշել էր, թե իր նոր Ռուսաստանի աշխարհում տեսանելիությունը բարձրացնելու ամենալավ միջոցը համաշխարհային մակարդակի սպորտային մրցումների անցկացումն է:

Պուտինի սպորտային քաղաքականությունն այժմ կտա իր պտուղները, քանի որ համաշխարհային լրատվամիջոցները նախապատրաստվում են Ռուսաստանում կայանալիք սպորտային իրադարձությունների հնգամյա մարաթոնի լուսաբանման:

Բոստոնի մարաթոնի ժամանակ տեսախցիկների առջև ահաբեկիչների կողմից իրականացված պայթյուններից հետո սակայն Ռուսաստանի սպորտային օրացույցն անսպասելիորեն վերածվել է անվտանգության ապահովման ոլորտում խոչընդոտներով հնգամյա վազքի:

Ռուսաստանում մահմեդական ամենամեծ մեծամասնությունն ունեցող Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում հունիսին նախատեսված է անցկացնել «Ունիվերսիադը»՝ ուսանողական սպորտային իրադարձությունը:

Մոսկվայում օգոստոս ամսին կանցկացվի թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունը, որի ընթացքում Մոսկվայի փողոցներում նախատեսված է անցկացնել նաև 42 կիլոմետրանոց մարաթոն:

Գալիք տարվա փետրվարին Ռուսաստանը կհյուրընկալի 2014 թվականի օլիմպիական ձմեռային խաղերը, որոնք կանցկացվեն անջատողականների և մահմեդական ծայրահեղականների կողմից իրականացվող բռնություններով բռնկված Կովկասի արևմտյան ծայրամասում գտնվող Սոչի քաղաքում:

Դրանից հետո, 2014 թվականին Ռուսաստանում՝ կրկին Սոչիում, կանցկացվի «ֆորմուլա մեկ» տեսակի ավտոմրցավազքի առաջնությունը, որից հետո, 2017 թվականին՝ ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիայի առաջնությունը, և վերջապես 2018 թվականին՝ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը:

Նախագահ Պուտինը, լինելով ձյուդոյի և կարատեի մասնագետ, վերջի տարիներին սովորել է չմուշքասահք՝ Սոչիում 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը գովազդելուն օժանդակություն ցուցաբերելու համար: Լուսանկար՝ Retuers/Ալեքսեյ Նիկոլսկի

Հինգ տարի անց աշխարհի յոթ միլիարդ մարդկանց մեծ մասն առնվազն մեկ անգամ դիտած կլինի Ռուսաստանում անցկացվող սպորտային իրադարձություններից առնվազն մեկ պատկեր:

Ահաբեկիչներն ըստ երևույթի հետաքրքրված չեն սպորտով: Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ տեղադրված ռումբերը սակայն ցույց են տվել, որ ահաբեկիչները շատ են սիրում հասարակության ուշադրության կենտրոնում լինելը:
Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուններ իրականացրածներն անմիջապես հայտնվել են ուշադրության կենտրոնում: Նրանց ուղերձը հստակ չէր՝ մահմեդական արմատական բողոքի ինչ-որ տեսակ: Նրանց լուսանկարները սակայն տարածվել են աշխարհով մեկ:

Ռուսաստանցիների համար այս պատկերներն անհանգստացնող են նաև այն պատճառով, որ հիմնական երկու կասկածյալներ Ջոխար և Թամերլան Ցառնաևներն ազգությամբ չեչեն են: Նրանք մեկ տասնամյակ առաջ էին ներգաղթել Միացյալ Նահանգներ Չեչնիայի հետ սահմանամերձ Դաղստանից:

Վերջին տարիներին Ռուսաստանում չեչեն անջատողականների հարձակումների թիրախներ են դարձել լրատվամիջոցների ուշադրությունն ամենաշատը գրավող վայրերը՝ Մոսկվայի մետրոն, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ տանող ճեպընթաց գնացքը, ինչպես նաև Մոսկվայի ամենաժամանակակից օդանավակայանը:

Ռուսաստանի անվտանգության աչալուրջ ուժերը մասնագիտացած չեն հաղորդակցման տեսության մեջ: Նրանք սակայն շատ լավ են կազմակերպում տարածքների շրջափակումը:

Ներքին գործերի նախարարության ծառայողը պահակային ծառայություն է տանում Սոչիի նորակառույց միջազգային օդանավակայանում: Լուսանկար՝ Reuters/Ալեքսանդր Դեմյանչուկ

Մոսկվայում օգոստոս ամսին կայանալիք մարաթոնի հանդիսատեսները մարզադաշտին մոտենալու համար պետք է անցնեն մետաղի հայտնաբերման սարքավորումների միջով: Բոստոնի պայթյուններից հետո Ռուսաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Վալենտին Բալախնիչովը հայտնել է «Ռոյթերս» գործակալության, որ նախատեսվում է եռապատկել անվտանգության ապահովման միջոցառումները:

«Միաժամանակ չենք ցանկանում Մոսկվան վերածել անմարդաբնակ քաղաքի», – ասել է Բալախնիչովը:

Այս տարվա ապրիլի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում նախագահներ Պուտինն ու Օբաման քննարկել են անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման շուրջ համագործակցության բարելավման հնարավորությունները: Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, թե երկու նախագահները «շեշտել են համատեղ աշխատանքի կարևորությունը՝ երաշխավորելու համար Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման անվտանգությունը»:

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերն իսկապես շատ մեծ դժվարություն են ներկայացնում:

Խաղերը կանցկացվեն Կովկասյան լեռնաշղթայի ամենաարևմտյան մասում՝ տարածքում, որտեղ մահմեդական ծայրահեղականությունը, էթնիկական անջատողականությունն ու համատարած չքավորությունը ստեղծել են քաղաքական բնռությունների այնպիսի խառնուրդ, որն այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում դարձել է օրական առնվազն մեկ սպանության պատճառը:

Բռնությունները հիմնականում իրականացնում են Սոչիից դեպի արևելք գտնվող կովկասյան լեռնային հանրապետություններում: Ցարական իշխանությունների կողմից տարածաշրջանն ավելի քան 150 տարի առաջ «հանդարտեցնելուց» հետո ներկայիս Ռուսաստանի իշխանությունները դեռևս պետք է կառուցեն լեռներից դեպի ծովը տանող ճանապարհ: Մայրուղիների օգտագործմամբ տարանջատման քաղաքականությունը պահում է բռնությունների ազդեցությունն իրենց վրա զգացող բնակչությունը լեռներում՝ Սոչի և Կրասնայա Պոլյանա օլիմպիական քաղաքներից հեռու:

Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյուններից հետո, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ծառայողները սկսել են ստուգել 2014 թվականին ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայր Սոչիի երկաթգծի կայարան ժամանող ուղևորների փաստաթղթերը: Լուսանկար՝ Reuters/Ալեքսանդր Դեմյանչուկ

Սակայն լեռների ժողովուրդները, որոնք շատ զգայուն են պատմության նկատմամբ, գիտեն, որ ցարական Ռուսաստանի հետ խաղաղության վերջնական պայմանագիրը ստորագրվել է Կրասնայա Պոլյանայում, և որ լեռներից մահմեդական բնակչության վտարումը դեպի Թուրքիա իրականացվել է Սոչիի ափերից:

Օլիմպիական խաղերի անցկացման վայրերից անմիջապես դեպի հարավ գտնվող տարածքներում Ռուսաստանը ստեղծել է բուֆերային մի պետություն՝ Աբխազիան, որտեղ Ռուսաստանի անվտանգության ծառայություններն իրենց շատ ազատ են զգում: Ոստիկանությունն անցյալ տարի հայտնաբերել էր զենքերով լի մի թաքստոց, որը հավանաբար պահվել էր և նախատեսվում էր Օլիմպիական խաղերի համար: Թաքստոցում, որի ստեղծումը վերագրվում էր չեչեն ապստամբներին, ներառում էր երկիր-օդ տեսակի հրթիռներ, նռնականետներ և դինամիտ:

Սոչիում սառցադաշտերը գտնվում են պարսպապատված վայրերում, որոնց մուտքը տրամադրվելու է միայն տոմս ունեցող անձանց, որոնք գրանցել են իրենց անձնագրերը:

Լեռնային չմուշքասահքի և սնոուբորդի անցկացման վայրերն ավելի են սփռված և, այսպիսով, դրանց պաշտպանությունը շատ ավելի դժվար է կազմակերպել: Օլիմպիական խաղերի անցկացման երկու վայրերն իրար է միացնելու 48 կիլոմետր երկարությամբ ճեպընթաց երկաթգիծը, որը նույնպես խոցելի է լինելու:

Հաշվի առնելով շրջակայքում տեղի ունեցող հակամարտությունները՝ օլիմպիական խաղերի ծրագրավորման պատասխանատուները հենց սկզբից են ներկառուցել անվտանգության միջոցները ծրագրավորման գործընթացի մեջ: Այստեղ ցանկապատերն ու դարպասները շրջապատում են օլիմպիական դահուկացատկի կառուցման վայրը: Լուսանկար՝ Վերա Ունդրից

Անցյալ ձմեռվա սպորտային իրադարձությունների ժամանակ ընդունված անվտանգության միջոցներն այնաստիճան խիստ էին, որ մասնակիցներից մեկը՝ Ալյասկայից ժամանած սնուբորդիստը, բողոքել էր, որ նույնիսկ ատամ մաքրելու համար իր մոտ պետք է փաստաթղթեր պահեր:

«Ամերիկայի Ձայն»-ի աշխատողները մարտ ամսին այցելել էին Կրասնայա Պոլյանան, սակայն մեկ ամբողջ օր ես ստիպված էի եղել լրացնել հավաստիացնող փաստաթղթեր տրամադրելու ձևաթղթեր, սկանավորել և էլեկտրոնային փոստով ուղարկել անձնագրերի պատճենները: Մոսկվայից ժամանելուց հետո մեզ հավաքել էին բազայի բնակելի տարածքում: Չնայած մենք Մոսկվայից գալու համար կտրել էին 1 400 կիլոմետր, մեզ չէր թույլատրվել նավակով բարձրանալ մինչև Ռոսա Խուտոր լեռը:

Եվ դա տեղի էր ունեցել դեռևս մինչև անվտանգության միջոցների խստացումը:

«Ամերիկայի Ձայն»-ի Մոսկվայի գրասենյակում աշխատող տեսալրագրող Օսթին Մալոյը հանգստանում էր՝ նստած Սոչիի զբոսայգիներից մեկի նստարանին: Ոստիկանության ծառայողներն անսպասելի ձերբակալել են նրան՝ տանելով դեպի ոստիկանության ավտոբուսը: Ոստիկանության ծառայողները տեղեկացրել են նրան, որ շինարարության աշխատողների համար սահմանված է պարետային ժամ, որը սկսվում է երեկոյան ժամը 9-ին: Կարճ ժամանակ տևած ձերբակալությունից հետո Օսթինն էլեկտրոնային նամակով փոխանցել էր ինձ այն, ինչ նրան ասել էին ռուսաստանցի իր ընկերները. «Դա տեղի էր ունեցել իմ մորուքի պատճառով: Նա խորհուրդ տվեց, որ ես սափրվեմ»:

Ի՞նչ կարող է մորուքից ավելի կասկածելի լինել: Թե՞, միգուցե, այն հանգամանքը, որ Մալոյն Աբխազիայում օգտվում էր հեռախոսային կրպակում տեղադրված հեռախոսից: Լուսանկար՝ Ջեյմս Բրուք

Ռուսաստանի ոստիկանության կողմից մարդկանց նման ոչ պաշտոնական դասակարգումը դառնում է այնքան հաճախակի, որ օլիմպիական խաղերի ընթացքում հնարավոր է, որ դեմ առ դեմ կանգնենք խտրականության՝ ապարտեիդի հետ: Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Կովկասի լեռներում: Սակայն խաղերում կմասնակցի Կովկասի բնակչության ընդամենը չնչին մասը:

Կովկասով այժմ մի անեկդոտ է շրջում.
«Չեչենը, ինգուշն ու դաղստանցին մեքենայով տեղ են գնում:
Հարց. Ո՞վ է վարում մեքենան:
Պատասխան. Ոստիկանությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ջեյմս Բրուքը «Ամերիկայի Ձայն»-ի Մոկսվայի գրասենյակի ղեղավարն է: Գրասենյակը լուսաբանում է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունները: «New York Times» օրաթերթում աշխատելու ժամանակ նա եղել է թերթի օտարերկրյա պետություններում թղթակիցներից մեկը՝ լուսաբանելով Աֆրիկայում, Կանադայում, Ճապոնիայում և Կորեայում տեղի ունեցող իրադարձությունները: Բրուքն ուսումնասիրել է ռուսաց լեզուն Բրեժնևի կառավարման ժամանակ, որպես թղթակից այցելել է Մոսկվա Գորբաչովի կառավարման վերջին ամիսների ընթացքում, ապա կրկին այցելել Ռուսաստան՝ Ելցինի օրոք և Պուտինի կառավարման սկզբի տարիներին: Նա բնակություն է հաստատել Մոսկվայում 2006 թվականին՝ սկսելով իր աշխատանքը «Bloomberg» գործակալությունում: «Ամերիկայի Ձայն»-ի Մոսկվայի գրասենյակին Բրուքսը սկսել է 2010 թվականին: Ջիմի հրապարակած նյութերին կարող եք հետևել «Twitter» կայքում՝ հետևյալ հասցեով. @VOA_Moscow.

Կարդացեք Ջեջմս Բրուքի բլոգը անգլերեն կամ ռուսերեն

Categories