Լենս Արմստրոնգից մինչև Ռուսաստանի արկտիկական նավթը՝ պատասխանատվությունից մինչև անպատժելիություն

Posted October 2nd, 2012 at 14:07 (UTC+3)
Leave a comment

Խայտառակված ամերիկացի հեծանվորդ Լենս Արմստրոնգի և Արկտիկայում Ռուսաստանի նավթային աշտարակներ բարձրացող «Գրինփիս» բնապահպանական կազմակերպության ակտիվիստների միջև կա հստակ մի կապ:

Այս կապը պատասխանատվությունն է:

«Գրինփիս»-ի ակտիվիստներին վերջերս հաջողվել է որոշ ժամանակով զբաղեցնել «Գազպրոմ»-ի «Պրիրազլոմնայա» անվանումը կրող Արկտիկայի օֆշորային տարածքում գործող առաջին հետազոտական աշտարակը: «Գրինփիս»-ը դեմ է հանդես գալիս Արկտիկայի փխրուն շրջակա միջավայրում նավթիև արդյունահանման աշխատանքներին: Արկտիկայում նավթի արդյունահանումը շատ քիչ կողմնակիցներ ունի Հյուսիսային Ամերիկայի բնակչության շրջանում, սակայն Ռուսաստանում առկա է հասարակության միանգամայն այլ կարծիք, որի պատճառն է անպատժելիության մթնոլորտը:

«Գրինփիս»-ի հաշվարկների համաձայն, Ռուսաստանում նավթի արդյունահանման ընթացքում թափվում է տարեկան մոտ 35 միլիոն տակառ նավթ: Նման գործողությունների համար սահմանված ցածր տուգանքների և քրեական հետապնդման բացակայության պատճառով Ռուսաստանում հողի վրա նավթ թափելը «ընդգրկված է արտադրական ծախսերի մեջ»:

Անպատժելիության և պատասխանատվության միջև հսկա տարբերությունն աշխարհին ցուցադրվել է ամերիկացի հեծանվորդ Լենս Արմստրոնգի գործի միջոցով:

1996 թվականին 25-ամյա հեծանվորդ Արմստրոնգի մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ:

 

Հեծանվորդի սերմնարաններից քաղցկեղը տարածվել էր դեպի թոքերն ու ուղեղը:

Արմստրոնգը պայքար է մղել քաղցկեղի դեմ և, չնայած բոլոր կանխատեսումների, հաղթել է հիվանդությունը:

1998 թվականին նա վերադարձել է հեծանվային սպորտ, որից հետո մինչև 2005 թվականը յոթ անգամ հաղթել է «Տուր դե Ֆրանս» հեղինակային մրցումներում, ապա՝ հեռացել սպորտից: Միացյալ Նահանգների օլիմպիական կոմիտեն Արմստրոնգին չորս անգամ շնորհել էր տարվա լավագույն մարզիկի կոչումը:

ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալությունը սակայն օգոստոսի կեսերին եզրակացրեց, որ Արմստրոնգի մասնակցությունը հեծանվային սպորտում պետք է արգելվի մինչև կյանքի վերջ և խորհուրդ տվեց զրկել նրան «Տուր դե Ֆրանս»-ի հաղթողի իր տիտղոսներից:

Ցուցադրելու համար, թե որքան էին ամերիկացիները ցնցված նման որոշմամբ, պետք է ասել, որ «Վաշինգտոն Փոստ»-ում այս որոշման մասին հրապարակված հոդվածը ստացել է 1164 մեկնաբանություն:

Համեմատեք դա Ռուսաստանի հետ, որտեղ պետական նավթային ընկերության գործադիրները «պաշտպանյալ» դասի դիրք են զբաղեցնում:

Ռուսաստանում նավթի հետազոտություններ իրականացնող «Արկտիկմորնեֆտեգազռազվեդկա» պետական ընկերությունը որոշում է կայացրել Օխոտսկի ծովով տեղափոխել նավթի ծանր մի աշտարակ: Ծովից 6000 կիլոմետր հեռավորության վրա՝ Մուրմանսկ քաղաքից աշխատող ընկերության գործադիրները խախտել են Ռուսաստանի յուրաքանչյուր դպրոցականին հայտնի կանոնը՝ փողոցն արգելված է անցել կարմիր լույսի տակ:

Օխոտսկի ծովում ծովագնացության սեզոնն արդեն վաղուց էլ փակվել՝ ձմեռային ժամանակաշրջանի սկզբի պատճառով: Ընկերության գործադիրները որոշել էին սակայն «անցնել փողոցը՝ խախտելով կանոնները»:

Նավթի աշտարակն անհրաժեշտ էր տեղափոխել Վիետնամ: Գումար խնայելու նպատակով նավթի աշտարակի վրա աշխատելու համար ուղարկվել էր 67 մարդ, ինչը 60-ով գերազանցում էր աշխատողների անհրաժեշտ թիվը: Ավելորդ աշխատողներ ուղարկելն ավելի էժան էր, քան Կամչատկայից Վիետնամ ճարտարագետներին և աշխատողներին չարտերային չվերթով ուղարկելը:

Մի քանի աշխատող անհամաձայնություն են հայտնել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ընկերության պատասխանը՝ եթե չկատարեք կարգադրությունը, ապա գործից կհեռացվեք:

Իրականում, նրանք պարզապես սպանվել են: Անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին տեղի էր ունեցել Ռուսաստանի նավթագազային ոլորտում երբևէ տեղի ունեցած ամենասարսափելի վթարը. ձմեռային փոթորիկի պատճառով Օխոտսկի ծովի սառցային ջրում նավթի աշտարակը տեղափոխող հարթակը շրջվել է, ինչի հետևանքով զոհվեց 53 մարդ:

Ռուսաստանի հեռուստադիտողները հաջորդ օրը տեսել են նման վթարներից հետո սովորաբար ցուցադրվող՝ փրկվածների որոնողական հերոսական աշխատանքների տեսանյութերը: Փրկարարներն իրականում մարմիններն էին որոնում, քանի որ գրեթե զրոյական ջերմաստիճան ջրում մարդու օրգանիզմը կարող է դիմանալ ընդամենը 5 րոպե:

Պետական հեռուստատեսության լրագրղները պարզապես չեն ծեծել պետական ընկերության դռները և պահանջել գործադիր ղեկավարներից բացատրություն տալ մարդկանց մահի ուղարկելու իրենց որոշման կապակցությամբ:

Անցավ արդեն ինն ամիս: Այա թե ինչ եղավ այս ընթացքում:

Մարտ ամսին աշխատանքից ազատվեց ընկերության փոխտնօրենը, մեկ այլ փոխտնօրեն նկատողություն ստացավ: Հունիս ամսին կայացած բաժնետերերի ժողովը աշխատանքից ազատեց գլխավոր տնօրենին, աշխատանքից իր կամքով հեռացավ նաև ընկերության գլխավոր ինժեները:

Հետաքննությունն ընթացքում է, սակայն քրեական որևէ մեղադրանք դեռևս չի ներկայացվել:

Դատական նշանակալից միակ որոշումը եղել է Մուրմանսկի դատարարանի օգոստոսի 1-ին կայացված որոշումը, որի համաձայն 24 մարդ մահացած է համարվում: Այս որոշումը թույլ է տվել նրանց ժառանգներին փոխհատուցում ստանալ «Արկտիկմորնեֆտերազվեդկա»-ից:

Ո՞րն է այս դեպքում կապը Արկտիկայում «Գազպրոմ»-ի աշտարակի վրա բարձրացող «Գրինփիս»-ի ակտիվիստի և աշտարակը տեղափոխող շրջված նավի միջև:

Նախատահ Վլադիմիր Պուտինն Արկտիկան Ռուսաստանի նավթագազային նոր ճակատ է հռչակել: Հաշվի առնելով Արկտիկայի բնության վրա թափվող նավթի վնասարար ազդեցությունը, դժվար կլինի համոզել Արևմտյան պետությունների և նավթային ընկերությունների բաժնետերերին, որ Արկտիկայում նավթի արտադրությունը դրական երևույթ է:

Առավել դժվար կլինի նրանց համոզել, եթե հիմնականն այս դեպքում «անպատժելիություն» բառն է:

Լենս Ամստրոնգի նկատմամբ ընդունված որոշումը հիշեցում է, որ ոչ ոք չպետք է օրենքից բարձր լինել՝ նույնիսկ պետական նավթային ընկերության գործադիրը:

Կրեմլն ընդդեմ «Փուսի Ռայըթ»-ի՝ աղջիկները հաղթե՛լ են

Posted September 2nd, 2012 at 17:08 (UTC+3)
Leave a comment

«Արժե՞ արդյոք թիթեռին ենթարկել դաժան մահապատժի» Ալեքսանդր Փոուփ, 1735թ.
Այս ամառ Վլադիմիր Պուտինը փորձել է «դաժան պատժի» ենթարկել Մոսկվայի երեք թիթեռների՝ Ռուսաստանի դատական ժանգոտած համակարգի միջոցով:
«Փուսի Ռայըթ»-ի մասնակից երեք աղջիկներն ուրբաթ օրը՝ օգոստոսի 17-ին, դատապարտվել են երկու տարվա ազատազրկման՝ եկեղեցում ոչ պատշաճ երգեր երգելու համար:
Ստալինի ցուցադրական դատավարությունները զարհուրելի էին:
Պուտինի ցուցադրական դատավարությունները վերածվել են շոուի:
Մոսկվայի դատարաններից մեկի դահլիճը դատավարության յուրաքանչյուր օր բեմ է ծառայել «ակվարիում» անվանվող ամբաստանյալների խցում պահվող գրավիչ երեք աղջիկների համար:
Օրեց օր աղջիկները գնալով վերածվում էին միջազգային մասշտաբի աստղերի, և նույն տեմպերն ընդունում էին Կրեմլի կողմից ձեռնարկվող տեղեկատվական պաշտպանիչ գործողությունները:
Դատավարության ավարտին նկատելի էր հետևյալը՝ «Playboy» ամսագրի ուկրաինական հրատարակության խմբագիրները նախատեսել են ամսագրի համարի կենտրոնում տեղադրել ամբաստանյալներից մեկի՝ Նադեժդա Տոլոկոննիկովայի, որն, ըստ «Financial Times» ամսագրի, «Անջելինա Ջոլիի շուրթերն ունի», լուսանկարների մի հավաքածու:
Համացանցի թևերին «Փուսի Ռայըթ» խմբի երեսը ծածկող գույնզգույն գլխարկը հայտնի է դարձել ամբող աշխարհում: Խմբի մասնակիցների հետ միասնականության ցույցերին մասնակցել են ինչպես Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի քաղաքագլուխը, որը պարում էր՝ գույնզգույն գլխարկը գլխին, այնպես էլ Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում Ռուսաստանի հյուպատոսության պատերին կարմիր ներկ շփող՝ կուրծքը բաց ցուցարարներից մեկը, որին ներկ շփելու ընթացքում լուսանկարում էին ֆոտոլրագրողները:
Երեք երիտասարդ կանանց դատավարության արդյունքում հնարավոր եղավ հասնել նրան, ինչին չկարողացավ հասնել Մոսկվայում այս տարվա փետրվար ամսին դաժան ցրտի պայմաններում անցկացված բողոքի ցույցը, որին մասնակցել էր 100 հազար ցուցարար՝ աշխարհի ուշադրությունը սևեռվեց Ռուսաստանի ավտորիտար կառավարության վրա:
Դատարանի մոտ՝ մինչև օգոստոսի 17-ը նշանակված դատավճռի ընթերցման օրը հավաքվել էր ռուսաստանյան և օտարերկրյա մոտ 100 լրատվամիջոցի ներկայացուցիչ (քանի որ անցյալ տարի Մոսկվայում քրեական գործերով դատավարությունների 99 տոկոս դեպքերում մեղադրական է ներկայացվել, այս գործով անցնողներին տրվելիք դատավճռի վերաբերյալ ոչ ոք կասկածներ չուներ):
Միջազգային հանրությունը լրատվամիջոցների ուշադիր հայացքի շնորհիվ տեսավ դատական մի համակարգ, որը նման է «Ալիսան հրաշքների երկրում» հեքիաթի մի կորսված մասի:
Նախ և առաջ, դատական նիստերի դահլիճում կար ոստիկանության մի մեծ շուն, որը կարծես վարժեցված էր ձայն տալու դատապաշտպանների ելույթի ժամանակ:
Կային դատախազներ, որոնք պաշտոնական «կրոնական ատելիությամբ պայմանավորված խուլիգանություն» մեղադրանքը ծաղկացրել են՝ օգտագործելով ինկվիզիցիայի ժամանակ օգտագործված «սրբապղծություն» և «վիրավորանք» բառերով:
Կային նաև դատական կատարածուների, որոնք դուրս էին հրավիրում դահլիճից հասարակության այն ներկայացուցիչներին, որոնք նայում էին պատուհանից դուրս՝ ամբաստանյալների հետ միասնության ցույցերին: Կատարածուները մի օր հրաժարվել էին ներս թողնել պաշտպանության գրեթե բոլոր վկաներին: Դրանից հետո դատավորը «չի ներկայացել» նշում է կատարել վկաների անունների կողքին՝ ջնջելով նրանց անունները վկաների ցուցակից:
Նախագահ Պուտինի քաղաքական նախկին մրցակից Միխայիլ Խոդորկովսկիի դատավարությունը երկու տարի առաջ անց է կացվել դատական նիստերի նույն դահլիճում: Բանտի իր խցից Խոդորկովսկին «Փուսի Ռայըթ»-ին սատարող նամակ է գրել՝ ասելով. ««Դատավարություն» բառը հնարավոր է օգտագործել միայն միջնադարյան ինկվիզիցիայի կողմից այն օգտագործելու իմաստով»:
Տոլոկոննիկովան համաձայնել է՝ ասելով. «Չեմ հավատում այս դատարանին: Այստեղ դատարան չկա: Սա պարզապես շղարշ է»:
Մեղադրող կողմի մի քանի վկաների վկայությունների տեքստերը եղել են միանման՝ պարունակելով ուղղագրական և քերականական նույն սխալները, ինչի պատճառով դատապաշտպանները եզրակացրել են, որ 1800 էջ ծավալով դատական գործը կազմողներից ինչ-որ մեկը «պատճենելով է զբաղված եղել»:
Հիսուս Ամենափրկչի տաճարի մոմավաճառ Լյուբով Սոկոլոգորսկայի վկայությունը եղել է վիրավորական փանք-ներկայացման մասին ամենացնցողը:
Խոսելով «Փուսի Ռայըթ»-ի պարի մասին, նա ասել էր. «Այս ամենը նման էր սատանայական պարի: Նրանք բարձրացնում էին ոտքերը, և գոտկատեղից ցածր գտնվող ամեն ինչ երևում էր»:
Իրականում, ինչի մեջ կարող են համոզվել համացանցի միլիոնավոր օգտագործողներ, աղջիկները կարճ շրջազգեստների տակից հագած ունեին գույնզգույն տրիկոներ: Նման հագուստը սակայն հանցանք է Ռուսական ուղղափառ եկեղեցու ներսում, որտեղ կանայք պետք է հագն ունենան մուգ գույների խիստ զգեստ և ծածկել գլուխը, սակայն ոչ իրենց դեմքերը:
Դատապաշտպանները յոթ անգամ դիմել են դատավոր Մարինա Սիրովային ինքնաբացարկ հայտարարելու հարցով: Յոթ անգամ դատավորը խորհրդակցել է ինքն իրեն հետ: (Պատկերացնու՞մ եք իր ուղեղի մեջ անցնող մտքերը: «Մտածի՛ր, մտածի՛ր: Օգոստոսն ամառանոցու՞մ անցկացնեմ, թե՞ լկտի ֆեմինիստների հետ»:) Յուրաքանչյուր անգամ հաղթանակ էր տանում իր ուղեղի դատական մասը, և նա շարունակում էր վարել գործը:
Սակայն սթրեսը պարբերաբար իրեն զգացնել էր տալիս: Մի անգամ, երբ ընթերցվում էին «Փուսի Ռայըթ»-ի այն երգի վիրավորական բառերը, որն աղջիկները երգել են տաճարում, դատավորը բացականչել էր՝ ասելով. «Քաղաքավարություն մտցրե՛ք ձեր (հայհոյանք): Մենք գնում ենք դատախազների մոտ»:
Դրանից հետո ամբաստանյալները ծիծաղեցին և աչքերը վեր բարձրացրեցին՝ ուղեկցվելով սպեցնազի, կամ հատուկ ուժերի, խոշորակազմ ծառայողների կողմից:
Ձեռնարկվել էին անվտանգության այնպիսի խիստ միջոցներ, որ երբ ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով դատական նիստերի դահլիճում գտնվողներն էվակուացվել են, երիտասարդ երեք կանանց թողել էին դահլիճում՝ իրենց խցում:
Դատավարության ընդմիջման ժամանակ գույնը թափած հնաոճ մորուքով մի մարդ վազում եր դատարանի փողոցի մեկ ծայրից մյուսը՝ գոռալով՝ «Մեր կանայք ազատ են: Պուտինի կին ստրուկներն ազատ չե՛ն»:
Դատավարության կանոնները թույլ էին տալիս ամբաստանյալներին ուղերձով դիմել դատարանին: Յուրաքանչյուր արտահայտությունից հետո հասարակությունը և «անկախ» մամուլի բազմաթիվ ներկայացուցիչները բուռն ծափահարությունների էին արժանացնում ելույթ ունեցողին:
«Սա թատրոն չէ», – երկու անգամ արագ արձագանքել էր դատավոր Սիրնովան, որը, երրորդ անգամ կրկնելուց հետ, հանձնվեց:
Երեք կանանց դահլիճից դուրս բերելու ժամանակ դատավարության դահլիճ այցելածները ոտքի էին կանգնել՝ ծափահարելով նրանց: Ծափահարությունները շանը ստիպեցին ավելի բարձր հաչալ:
Դատական դահլիճից դուրս տիրում էր է՛լ ավելի թատերական իրավիճակ:
«Փուսի Ռայըթ»-ի կողմնակիցները Մոսկվայի տեղական թատրոններում կազմակերպում էին ամբաստանյալների հայտարարությունների ընթերցումներ: Դատավճռի ներկայացման օրը «Փուսի Ռայըթ»-ի դիմակներ էին դրել Մոսկվայի արձանների գլխներին՝ շտապելով համացանցում տեղադրել դրանց նկարները, քանի որ քաղաքի վրդովված բնակիչներն արագ հանում էին դրանք արձաններից:
Փանք-ռոք խմբի անդամներին աջակցություն են ցուցաբերել երաժշտության միջազգային բազմաթիվ աստղեր և Հոլիվուդի դերասաններ՝ Մադոննան, Բյորկը, Փոլ ՄըքՔարջին, «Փեթ Շոփ Բոյզ», ինչպես նաև «Մատանիների տիրակալ» հանրաճանաչ կինոնկարում Ֆրոդոյի դերակատար Էլայջա Վուդը:
«Դժվար է հավատալ, որ սա երազ չէ», – գրել է Տոլոկոննիկովան՝ արձագանքելով Ռուսաստանից և արտերկրից ստացվող օժանդակության:
Բազում տարիներ միջազգային հանրության ճանաչման համար պայքարող Ռուսաստանի ընդդիմության որոշ ներկայացուցիչներ և կատարողներ նույնիսկ խանդի մի փոքր խայթ են զգացել:
Նման ճանաչման արժանանալ չկարողացած փոփ երգչուհի Վալերիան բողոքել էր՝ ասելով. «Ի՞նչ մի մեծ բան է այս «Փուսի Ռայըթ»-ը, որ միջազգային բոլոր այս աստղերը սատարում են նրանց»:
Ռուսաստանի ընդդիմության վետերան, Տրոցկիի ոճի սուր մորուք կրող Էդուարդ Լիմոնովը բողոքել է հնարավոր բողոքարկումների մասին: «Ընդդիմությունը դեռ երկար ժամանակ կլացի երիտասարդ խեղճ կանանց ճակատագրի մասին: Սա լավ երգ է, պետք է նորից երգել՝ Փուսի, փուսի ռայըթ: Երբևէ եղած ամենահիմար կոֆլիկտներից է»:
Դեռևս մարտ ամսին, երբ Մոսկվան պատված էր ձնով և սառույցով, Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլ I-ը «սրբապղծություն» է անվանել մեկ րոպե տևողությամբ փանք աղոթքը և դատական հետապնդում մեկնարկելու կոչ է արել:
Դատարանում հայտնված երեք կանանցից երկուսը փոքր երեխաներ ունեն: Բանտում անցկացված հինգ ամիսների ընթացքում նրանք չեն տեսել իրենց երեխաներին:
Ամառը հոգևորականների դեմ ուղղված նոր շարժում էր ծավալվում Ռուսաստանում, մասնավորապես երիտասարդների շրջանում: Դատավարության անցկացման ժամանակ Ռուսաստանի բնակչության 75 տոկոսն էր արդեն պահանջում, որ եկեղեցին չխառնվի քաղաքականության մեջ:
«Վեդոմոստի» օրաթերթի հեղինակ Կոնստանտին Սոնինը զգուշացրել է. «Վերջին անգամ եկեղեցին այսպիսի մեծ վնաս է հասցրել իր հեղինակության 1901 թվականին՝ եկեղեցուց հեռացնելով Լև Տոլստոյին»:
Քաղաքական վերլուծաբան Գեորգի Բովտը համաձայնվել է՝ գրելով թերթերում հրապարակված հոդվածներից մեկում. «Մեկնարկելով Միջին դարերի ոճով կազմակերպված վհուկաորսը՝ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին կրթված մարդկանց աչքերում անվերականգնելի հարված է հասցրել ինքն իրեն»:
Ութ օր տևած դատավարության ընթացքում եկեղեցին որևէ հայտարարություն չի արել: Դատավճիռն ընթերցելու օրը պատրիարք Կիրիլը այց էր կատարում Լեհաստան, որտեղ հանդիպել էր կաթոլիկ եկեղեցու առաջնորդների հետ: Մոսկվայում սակայն եկեղեցին դիմել է իշխանություններին՝ ամբաստանյալների նկատմամբ գթասրտություն ցուցաբերելու խնդրանքով: Այս մասին հայտարարությունը սակայն հրապարակվել էր օրվա վերջում՝ դատավոր Սիրովայի կողմից երեք կանանց դատավճիռն ընթերցելուց հետո:
«Փուսի Ռայըթ»-ի մասնակիցներն ասել են, թե տաճարում իրենց ելույթը պայմանավորված է եղել պատրիարք Կիլիրի նկատմամբ իրենց զայրույթով, որը մարտ ամսին անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում աջակցել է նախագահ Պուտինին: Ամբաստանյալներից մեկը՝ Մարիա Ալյոխինան, դատավճիռն ընթերցելուց առաջ արված իր հայտարարության մեջ ասել էր. «Որպես մեր սերնդի ներկայացուցիչ, մենք ապշած ենք իր կողմից ձեռնարկված գործողություններով և կոչերով: Մենք ցանկանում էինք և ցանկանում ենք երկխոսություն սկսել»:
Ռուսաստանի պահպանողականներն անակնկալի եկան առաջին հայացքից մարգինալացված խմբերից մեկի գործողությունների պատճառով:
Օգոստոս ամսվա սկզբին Մոսկվա էր այցելել Մադոննան, որն իր համերգի ժամանակ ելույթ էր ունեցել՝ գլխին դրած «Փուսի Ռայըթ»-ի դիմակը, իսկ ամբողջ համերգի ընթացքում իր մեջքին գրված են եղել «Փուսի Ռայըթ» բառերը:
Պահպանողական կազմակերպությունների առաջնորդները, կրելով «Ուղղափառություն կամ մահ» շապիկներով, լրագրողների առջև վառում են Մադոննայի և «Փուսի Ռայըթ»-ի պատկերով պաստառները: Նրանց առաջնորդներն ասել են, թե «Մենք նրանց բոլորին կտրատելու և այրելու ենք՝ ճիշտ այնպես, ինչպես դա արվել է Միջին դարերում»:
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Մադոննային ուղղված հաղորդագրություն էր թողել «Twitter»-ում՝ ասելով. «Հանիր խաչը կամ հագիր տապատդ»:
Պահպանողական հեռուստահաղորդավար Մաքսիմ Շևչենկոն մեղադրել է Մադոննային և Արևմուտքի այլ ներկայացուցիչներին Ռուսաստանում «Փուսի Ռայըթ»-ն արգելելու մասին սուտ տեղեկություններ տարածելու մեջ:
«Ինչպես հնարավոր է արգելել խումբը, եթե առաջին հերթին արգելու որևէ բան չկա», – գրել է նա «The Moscow Times» թերթում: «Այս խումբը որևէ ձայնասկավառակ չի թողարկել: Նրանք նույնիսկ երաժիշտներ չեն: Նրանք ճանաչում փնտրող կատարողներ են, որոնք իրենց ապրուստը վաստակում են սկանդալների միջոցով»:
Դատապարտվելուց առաջ բալերինա Անաստասիա Վոլոչկովան «LiveJournal»-ի իր բլոգում գրել էր, որ երեք այս կանայք պետք է դատապատրվեն հասարակական զուգարանները մաքրելու:
«Փուսի Ռայըթ» խմբի մասնակիցների դրական, ֆեմինիստական պատկերի վրա սև բիծ գցելու համար պահպանողականները համացանցում տեղադրել էին 2008 թվականին անցկացված «կատարողական արվեստի» բողոքի ցույցի ժամանակ արված լուսանկարները, որի ընթացքում յոթ ամսական հղի Տոլոկոննիկովան մասնակցել է երեկոյան ուշ Մոսկվայի կենսաբանական թանգարանում պահվող կենդանիների խրտվիլակների մեջ անցկացված խմբակային օրգիայում:
Դրա քաղաքական ուղերձն էր բողոքն ընդդեմ նախագահի պաշտոնական թեկնածու Դմիտրի Մեդվեդևի, որի ազգանվան հիմքում ընկած է ռուսական «արջ» բառը:
Սակայն քանի որ «Փուսի Ռայըթ»-ի մասնակիցների դատապաշտպանները նախապատրաստվում են բողոքարկման երկար գործընթացին Ռուսաստանում, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Մոսկվայի պահպանողականները փորձում են երաշխավորել, որ այս «գեղագիտական» լուսանկարները դեռ երկար ժամանակ մնան համացանցում:
Հաջորդը դատարանում կարող է հայտնվել շախմատի նախկին չեմպիոն և Ռուսաստանի ընդդիմության ներկայիս առաջնորդ Գարի Կասպարովը:
«Փուսի Ռայըթ»-ի մասնակիցների դատավճիռը կայացնելու օրը նա եղել է դատարանի շենքի մոտակայքում ձերբակալված ցուցարարներից և պարզապես հավաքվածներից մեկը: Մի քանի ժամվա ընթացքում ոստիկանությունը մեղադրել է Կասպարովին ոստիկաններից մեկի մատը կծելու մեջ՝ հարուցելով հարձակման վերաբերյալ հետաքննություն: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել հինգ տարի ազատազրկման:
Արդեն բազմիցս ձերբակալության մեջ եղած Կասպարովն ասել է, թե չի կծել ոստիկանին: Նա պնդում է, որ ոսիկանին կծել է ոստիկանության շներից մեկը:
«Wall Street Journal» պարբերականում օգոստոսի 18-ին դատարանի մոտակայքում Կասպարովի ձերբակալության կապակցությամբ հրապարակել է «Երբ Պուտինի ավազակները եկել են ինձ մոտ» հոդվածը, որը որոշ ժամանակ եղել է կայքի «Ամենաշատ կարդացվող» ցանկի առաջին տեղում: Չգիտեի, որ պարբերական 2,1 միլիոն ընթերցողների թվում այսքան փանք կա: Կարծում էին, թե նրանք պարզապես օտարերկրյա անհետաքրքիր ներդրողներ են:
Կասպարովի դատավարության ընթացքում ենթադրաբար ցուցմունք կտա իր ատամնաբույժը: Պարզ չէ, արդյոք դատապաշտպանները որպես վկա կհրավիրեն ոստիկանության շանը:
Մոսկվայում 21-րդ դարում Պուտինի ցուցադրական դատավարությունն հնում անցկացված ցուցադրական դատավարություններին արդեն նման չէ:

Ուշացող Վլադիմիրի՞ն եք սպասում: Հետաքրքիր մի գիրք վերցրեք՝ դեռ երկար կսպասեք

Posted August 19th, 2012 at 16:40 (UTC+3)
Leave a comment

I

Այն ժամանակ, երբ նրան չորս ժամ սպասում էին Ուկրաինայի նախագահն ու նախարարների մեծ մասը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցում էր կաշվե սև հագուստ կրող՝ ռուսական «Գիշերային գայլեր» բայքերների խմբի առաջնորդ, «Վիրաբույժ» մականվամբ հայտնի Ալեքսանդր Զալդոստանովի հետ: Ռուսաստանի նախագահը հուլիսի 12-ին ընդհատել էր Սև ծովի ափին գտնվող Սևաստոպոլ քաղքաքի օդանավակայանից մինչև Յալտա քաղաքն ընկած ճանապարհորդությունը՝ բավականին երկար այցելություն կատարելով Ղրիմում գտնվող բայքերների ճամբար: Լուսանկար՝ AP/ՌԻԱ-Նովոստի, Միխաիլ Կլիմենտև

Սև ծովի ջրերի վրա բարձրացող բլրի արևոտ լանջերից մեկին հուլիսի 12-ին Ուկրաինայի նախագահը և կառավարության նախարարների կեսը հավաքվել էին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթաժողովային հանդիպում անցկացնելու համար: Նրանք հավաքվել էին ցարական ժամանակ կառուցված Լիվադիա պալատում, որտեղ 1945 թվականին անցկացված Յալթայի խորհրդաժողովի ընթացքում Չերչիլը, Ռուզվելթն ու Ստալինը բաժանել էին հետպատերազմյան Եվրոպան:

Սակայն անցյալ ամիս այդ օրը Ուկրաինայի առաջին դեմքերը սպասում էին: Սպասում: Եվ սպասում:

Օդանավակայանից իր ճանապարհի ընթացքում նախագահ Պուտինը որոշել էր կանգ առնել և մեկ գավաթ ըմպել ամեն ամառ Ղրիմում հավաքվող «Գիշերային գայլեր» ռուսական մոտոսիրողների ակումբի անդամների հետ:

Ըմպելիքները ճաշակելուց հետո նախագահ Պուտինը փոխել է իր զգեստը՝ հագին ունեցած սև շապիկի ու Յալթայի ի փոխարեն նա հագել է գործարար կոստյում, ապա ուղևորվել Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման: Նա տեղ էր ժամանել չորս ժամ ուշացումով:

«Ինչու՞ շտապել Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման», – հավանաբար մտածում էր Ռուսաստանի նախագահը: – «Նա կրկին պետք է ինձանից խնդրի վառելիքի վրա զեղչեր սահմանել, ապա կհրաժարվի իմ նախատեսած Մաքսային միությանն անդամակցելուց»: Նախագահ Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հուլիսի 12-ին անցկացված ուկրաինա-ռուսական պետական հանձնաժողովի նիստից հետո: Նիստն անց է կացվել 1911 թվականին թագավոր Նիկոլայ II-ի համար կառուցված Լիվադիա պալատում: Լուսանկար՝ AP/ՌԻԱ-Նովոստիի համար, Միխաիլ Կլիմենտև

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ջերմորեն ողջունել է իրեն՝ ասելով. «Ուրախ ենք ողջունելու Ձեզ Ղրիմում: Այստեղ փոքր-ինչ շոգ է, սակայն գիտեմ, որ ճանապարհին ժամանակ գտաք շփվելու Ձեր բարեկամ բայքերների հետ»:

Ինչին Ռուսաստանի նախագահը պատասխանեց. «Նրանք Ձեզ էլ են սպասում»:

Այդ պահը բացասական էր ազդել հանդիպման ընթացքի վրա:

Հաջորդ օրն Ուկրաինայի արտգործնախարար Վոլոդիմիր Օգրիզկոն հայտնել էր Կիևում հավաքված ծրագրողներին. «Հանդիպմանը շտապելու փոխարեն կատարվել էր բայքերների հետ մեկ թաս ըմպելու նպատակ հետապնդող կանգառ: Իմ կարծիքով, սա դիվանագիտական հարված է կամ պարզապես կոպտություն: Սա ոչ նորմալ հարաբերությունների դրսևորում է»:

Իր գործընկեր, Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարար Վիկտոր Բալոգան Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Երեկ ռուսների հետ մասնակցել եմ հանձնաժողովի աշխատանքին: Տպավորությունը զարհուրելի էր: Ուկրաինայի՝ ընդունող կողմի վրա շատ վատ տպավորություն է թողել համատարած վատ վարվելակերպը: Նախագահ Պուտինը գերազանցել էր ուշացած ներկայանալու սահմանները: Նա այցելել էր բայքերներին և նրանց ճանապարհի ընկերուհիներին, սա էր իր առաջնահերթությունը»:

Ուկրաինացիները վերջապես կարող են մեջբերում կատարեն պատմությունից, և դա կարող են անել հրապարակայնորեն. Կայսրը ուշացել է:

Տարիների ընթացքում Պուտինի ուշացումները վերածվել են երթևեկության պատճառով ուշացումներից, որոնք 2000 թվականին կազմել են 15 րոպե՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի հետ հանդիպման ժամանակ, իսկ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ հանդիպման դեպքում՝ 14 րոպե:

Նախագահ Պուտինը նախապատվություն է տալիս շվեյցարական թանկարժեք ժամացույցներին: Ռուսաստանի նախագահության երրորդ ժամկետը ստանձնելու մոտ 90 օրվա ընթացքում նա կարծես սկսել է նպատակային օգտագործել ուշացումները՝ որպես քաղաքական զենք:

Ուկրաինացիները, եթե դա կարող է նրանց մխիթարի, միայնակը չեն:

Ակնկալելով Վլադիմիր II-ի գալուստը – 1. Նախագահ Բարաք Օբաման զրուցում է անձնակազմի ղեկավար Ջեք Լյուի հետ՝ 2012 թվականի հունիսի 18-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած երկկողմանի հանդիպումից առաջ: Լուսանկար՝ ԱՄՆ-ի Սպիտակ տուն/Փիթ Սուզա

Այս տարվա հունիսի կեսին նախագահ Պուտինն այցելել է Մեքսիկա՝ «Մեծ քսանյակի» հանդիպմանը մասնակցելու համար: Բացի այդ, դա առաջին անգամն էր, երբ Վլադիմիր Պուտինը, նախագահական պաշտոնը ստանձնելուց հետո, պետք է հանդիպեր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: Մայիս ամսին Պուտինը չի մասնակցել Վաշինգտոնի մոտակայքում Օբամայի կողմից «Մեծ ութնյակի» կազմակերպված հանդիպմանը:

Ոչ ոք այդ մասին պաշտոնական հայտարարություն չի տարածել, սակայն նախագահ Պուտինն ուշացրել էր նախագահ Օբամայի հետ նշանակված հանդիպման:

Լոս Կաբոսի «Լա Էսպերանցա» հանգստավայրում գոլֆի մեքենաների խցանու՞մ էր տեղի ունեցել: Ոչ ոգ ոչինչ չի ասում:

Որքա՞ն ուշ էր ժամանել նա: Ոչ ոգ ոչինչ չի ասում: Ըստ էության, մոտ 15-ից 30 րոպեով է ուշացել:

ԱՄՆ-ի Սպիտակ տան լուսանկարիչ Փիթ Սաուզայի կողմից հունիսի 18-ին արված լուսանկարների վրա երևում է, որ նախագահ Օբաման հակիրճ ճեպազրույց է ունեցել Սպիտակ տան անձնակազմի ղեկավար Ջեք Լյուի հետ: Ապա, մի քանի րոպե անց և այգու այլ մասում, ԱՄՆ-ի նախագահին կարելի էր տեսնել կոստյումի պիջակը հանած և Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ ՄըքՖոլի հետ զրուցելիս:

Ակնկալելով Վլադիմիր II-ի գալուստը – 2. Նախագահ Բարաք Օբաման, սպասելով նախագահ Պուտինին, զրույց է ունեցել Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ ՄըքՖոլի հետ: Լուսանկար՝ ԱՄՆ-ի Սպիտակ տուն/Փիթ Սուզա

Արհամարհական այս վերաբերմունքին հաջորդել էր Սանկտ Պետերբուրգում չորս օր հետո անցկացված Տնտեսական միջազգային ֆորումը:

Կրեմլի պաշտոնական անձինք մի քանի ամիս շարունակ համոզում էին օտարերկրյա գործարարներին այցելել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու «Ռուսաստանի Դավոս»-ին:

Օտարերկրյա հարյուրավոր գործարարներ հունիսի 22-ին հավաքվել էին՝ տեղեկանալու օտարերկրյա ներդրումներ կատարելու հնարավորության մասին: Նախագահ Պուտինին և նրա ուղերձին գործարարները ստիպված էին եղել սպասել մոտ 40 րոպե:

Դրանից հետո նրանք արժանացան իրական «վերաբերմունքի»: Օտարերկրյա էներգետիկական ընկերությունների մոտ տասը ղեկավար հավաքվել էին՝ Ռուսաստանի նախագահի հետ առանձնազրույց ունենալու նպատակով: Նրանք հավաքվել էին նեղ, խավար, վատ օդափոխվող միջանցքում, որտեղ աթոռ չկար: Այդ մասին ներկայացված տեղեկությունները տարբերվում են միմյանցից: Որոշ մասնակիցների համաձայն, ամառային շոգ եղանակի պայմաններում նրանք սպասել էին մոտ երեք ժամ: Ոմանք ասում են՝ չորս: Միջանցքում հավաքվածների թվում էին բրիտանական «BP», ֆրանսիական «Total» և «GDF Suez», գերմանական «Eon», նորվեգական «Statoil», իտալական «Enel», ամերիկյան «General Electric», ինչպես նաև Ռուսաստանի էներգետիկական խոշորագույն մի քանի ընկերությունների ղեկավարները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Սանկտ Պետերբուրգում հունիսի 21-ին անցկացված Միջազգային տնտեսական համաժողովի մասնակիցներին: Պուտինին քննադատության են ենթարկել ուշանալու համար: Լուսանկար՝ Retuers/Սերգեյ Կարպուխին

«Հավաքվածների համար սա վիրավորական էր», — «The Wall Street Journal»-ին ավելի ուշ ասել էր նավթային ընկերությունների գործադիր ղեկավարներից մեկը: Սպասողներից մյուսն ասել էր, թե «հավաքված գործադիրների մեկ ժամվա աշխատավարձի համախառն գումարը մի քանի անգամ գերազանցում էր գագաթաժողովի բյուջեն»:

Էներգետիկական ընկերությունների ղեկավարները սակայն քաջատեղյակ էին, որ առանց երկրի մակերևույթի վրա գտնվող քաղաքական գործիչների բարյացակամ վերաբերմունքի նավթի և բնական գազի պաշարները սովորաբար հողի մակերևույթի տակ են մնում:

Մեկ ժամ տևած հանդիպումից հետո «Total» ընկերության գործադիր տնօրենը դիմել էր ֆրանսիական դիվանագիտական արվեստի հնարքներին: Լրագրողներից հետ ունեցած հանդիպման ժամանակ նա ասել էր, թե «սենյակից դուրս գալուց հետո առավել լավատեսական էր տրամադրված»:

Նախագահ Պուտինն այս հանդիպումից հետո այցելել էր Իսրայել:

Այնտեղ, «Haarez» պարբերականի վկայությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային բանակի զինվորների հիշատակին նվիրված բացման արարողությունից առաջ Ռուսաստանի նախագահին 90 րոպե սպասել էր Իսրայելի կառավարության բարձրագույն պաշտոնյաների ողջ անձնակազմը:

Պուտինի գործելակերպին հետևող որոշ մասնագետների համաձայն, «հույսի շողք էր փայլփլել» այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահն առանց ուշացման ժամանել էր Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ հանդիպման: Մյուսները սակայն նշել են, որ հանդիպումը կապված էր օլիմպիական խաղերի ընթացքում ձյուդոյի մրցումները դիտելու հետ, և խաղերի «մեխանիզմն» անհնար էր հարմարեցնել դիտորդներից որևէ մեկի քմահաճույքին:

Մոսկվայում շատերն ասում են, որ նախագահի ունեցած ուշանալու սովորությունը թանկ է նստում պետական բյուջեի վրա:

«Moscow Times» պարբերականի խմբագրականում այս կապակցությամբ նշվել է. «Օտարերկրյա ներդրողներն, ըստ էության, չեն անտեսելու Ռուսաստանը՝ Պուտինի կողմից հանդիպումների ժամանակին չներկայանալու պատճառով»: Ռուսաստանը հսկա հնարավորություններ է առաջարկում, իսկ Պուտինը հեշտացրել է երկրում ներդրումներ կատարելու գործընթացը: Սակայն հանդիպումներին ժամանակին ներկայանալու նրա ակնհայտ անկարողությունը բացահայտում է ներդրողների, որոնց համար «ժամանակը փող է», նկատմամբ հարգանքի առկա բացակայությունը: Պուտինն անտեսում է ներդրողներին իր համակրանքի մասին հայտնելու մի պարզ եղանակ՝ չուշանալը: Նա պետք է դադարեցնի ուշացումները»:

Ճի՛շտ ժամանակին: Ժամանակին ներկայացած Վլադիմիր Պուտինը սեղմում է Չինաստանի նախագահ Հու Ջինթաոյի ձեռրքը Պեկինի Ժողովրդական դահլիճում 2012 թվականի հունիսի 7-ին կայացած հանդիպման ընթացքում: Արդյո՞ք դա Ռուսաստանի ղեկավարի կողմից ասիական քաղաքակրթությանն ուղղված հարգանքի նշան է, թե՞ ճանաչում է այն հանգամանքի, որ Ռուսաստանն այժմ կրտսեր գործընկեր է: Լուսանկար՝ AP/Մարկ Ռալստոն

Պուտինի պահվածքին հետևող այլ անձանց համար ուրիշների նկատմամբ իր արհամարհական վերաբերմունքը նման է 1981 թվականին դերասան Մել Բրուքսի կողմից «Աշխարհի պատմություն. Մաս 1-ին» կինոնկարում Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVI-ի ստեղծված պատկերի պահվածքին: Կինոնկարում քծնող պալատականներով շրջապատված Ֆրանսիայի թագավորը ձեռք է գցում բոլոր կանանց, ապա ոսկե դրամ նետում կեղտով լի միզաման: Նայելով տեսախցիկի մեջ, «թագավորը» լայն ժպտում է և ասում՝ «Թագավոր լինելուց լավ բա՛ն»:

Իրական կյանքում սակայն Լյուդովիկոս XVI-ի արիստոկրատական պահվածքը դարձել էր Ֆրանսիական մեծ հեղափոխության պատճառներից մեկը: Նա գլխատվել է գիլյոտին վրա 1793 թվականին: Նրա որդի, Լյուդովիկոս XVII-ը, մահացել է բանտում: Մահապատժի ենթարկված թագավորի կրտսեր եղբայր, Լյուդովիկոս XVIII-ը, 23 տարի անցկացրել է աքսորի մեջ՝ վերջապես գահի բարձրանալով 1814 թվականին:

Լյուդովիկոս XVIII-ը, որի վրա հավանաբար դրական ազդեցություն էին գործել հեղափոխության և արտաքսման տարիները, դարձել էր արդեն երկու հարյուրամյակ շրջանառությունից դուրս չեկող արտահայտության հեղինակը: Այն է՝ «Ճշտապահությունն արքաների քաղաքավարությունն է»:

Ռուսաստանի քաղաքական ամառային օլիմպիական խաղեր. Պուտինն ընդդեմ «Փուսի Ռայըթը»

Posted August 1st, 2012 at 19:07 (UTC+3)
1 comment

Մոսկվայի ամառային օլիմպիական խաղերի ընթացքում երկրի նախագահ Պուտինը կարող է ոսկե մեդալ նվաճել հետևյալ շատ կարևոր մարզաձևում՝ ընդդիմության շրջանում մարտիրոսների ստեղծման մեջ:

Այս տարվա մարտ ամսին Պուտինի ընտրությունների և մայիսին տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո ընդդիմության բողոքի շարժման մասնակիցների թիվը նվազել է և Ռուսաստանի ժողովրդավարական շարժման շարքերում հուսահատություն է տիրել:

«Փուսի Ռայըթ» փանք ռոք խմբի մասնակիցներ Նադեժդա Տոլոկոննիկովան (ձախից) և Մարինա Ալյոխինան դուրս են նայում ամբաստանյալներից խցից Մոսկվայի դատարաններից մեկում երեքշաբթի օրն անցկացվող դատավարության ընթացքում:  Խմբի մասնակից երիտասար երեք կանայք մեկ րոպե տևողությամբ Պուտինի դեմ ուղղված փանք աղոթք են անցկացրել Մոսքկվայի Հիսուս Ամենափրկչի եկեղեցու կենտրոնական խորանի մոտ, որի համար նրանց սպառնում է յոթ տարվա ազատազրկում: Լուսանկար՝ Retuers/Մաքսիմ Շեմետով

Սակայն այժմ բողոքի ցույցերի մասնակիցների հիմնական կարգախոսը  «Սվոբոդու Փուսի Ռայըթ»-ն է՝ «Ազատությու՛ն «Փուսի Ռայըթ»-ին:

Ցուցարարներն իրենց ձեռքում պահում են դեռևս վեց ամիս առաջ անհայտ ֆեմինիստական փանք-ռոք խմբի բանտարկված մասնակիցների՝ երիտասարդ երեք կանանց լուսանկարները:

Այս կանայք, որոնցից երկուսը փոքր երեխաների մայր են, հայտնվել են որպես շատ մարդկային և հուզիչ դեմքեր՝ Պուտինի դեմ ուղղված շարժման շարքերում: Անցյալ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ընդդիմության նոր վառ դեմքերը ներկայացել են դատարան՝ խուլիգանության մեղադրանքով անցկացվող դատավարության ընթացքում ունենալով մի փոքր շփոթված տեսք:

Այս տարվա փետրվարի 21-ին նրանք, կրելով երեսները ծածկող գույնզգույն դիմակներ և կարճ ջեմպերներ, կազմակերպել են խռպոտ, ոմանց կարծիքով՝ սրբապղծական մեկ րոպե տևած՝ Պուտինին ընդդեմ ուղղված փանք աղոթք Մոսքկվայի Հիսուս Ամենափրկչի եկեղեցու կենտրոնական խորանի մոտ:

Այս արարքի հանդեպ հասարակության գերակշռող մասը բացասական է տրամադրված եղել:

Եթե Կրեմլը լիներ ավելի խելացի, այս կանանց պարզապես կտուգանեին և կենթարկեին 100 օր ուղղիչ աշխատանքների, որոնց ընթացքում վերջիններիս մոլախոտ կքաղեին Կրեմլի ծաղկանոցներում կամ մոմերի մնացորդներ կհավաքեին ուղղափառ տաճարներում:

Սակայն հինգ ամիս անց երեք կանայք՝ Մարիա Ալյոխինան, Նադեժդա Տոլոկոննիկովան և Եկատերինա Սամուցևիչը դեռևս բանտարկության մեջ են:

Դատավորի հրամանի համաձայն, նրանք բանտարկության մեջ պետք է մնան մինչև հաջորդ տարվա հունվար ամիսը: Անցյալ շաբաթ անցկացված դատավարությունից պարզ է դարձել, որ փանք-ռոք խմբի մասնակիցները կարող են դատապարտվել մինչև յոթ տարվա ազատազրկման:

«Փուսի Ռայըթ» փանք խմբի մասնակից Մարիա Ալյոխինան ժպտում է՝ հուլիսի 31-ին ոստիկանության ծառայողների կողմից դատարանի դահլիճ տեղափոխվելու ժամանակ: Լուսանկար՝ Retuers/Սերգեյ Կարպուխին

Մոսկվայի դատարանից դուրս հավաքված ցուցարարները վանկարկել են «Ազա՛տ արձակեք աղջիկներին» կարգախոսը:

Օգնելու համար, որպեսզի նախագահ Պուտինը նվաճի ընդդիմության համար մարտիրոսներ «ստեղծելու» ոսկե մեդալը, Ռուսաստանի դատախազությունը հինգշաբթի օրը մեղադրանքներ է ներկայացրել նաև Ալեքսանդր Նավալնիին՝ Ռուսաստանի ընդդիմության բարետես 36-ամյա առաջնորդներից մեկին: Ֆինանսական միջոցներ յուրացնելու մեղադրանքներով մեղավոր ճանաչվելու դեպքում Նավալնին կարող է դատապարտվել տասը տարի ազատազրկման:

ՊԱԿ-ում երկար տարիներ ծառայած նախագահ Պուտինը նման քայլերով փորձում է վերականգնել վերահսկման ավտորիտար մեխանիզմը Ռուսաստանում: Ոմանց կարծիքով, նա փորձում է տարաձայնություններ մտցնել իր դեմ հանդես եկող ազատական և ազգայնական ուժերի միջև: Սակայն քաղաքական այս դրաման «ձայնը անջատած» դիտելու դեպքում ընդունում է սերունդների միջև հակասության տեսք: Այս տարի Մոսկվայում անցկացված բացօթյա համերգի ընթացքում հազարավոր երիտասարդներ ողջունել են «Փուսի Ռայըթ» խմբին աջակցություն ցուցաբերած ռոք երաժիշտներին:

Թվում է, թե նախագահ Պուտինը, որի 60-րդ տարեդարձը լրանում է հոկտեմբեր ամսին, փորձում է կանգնեցնել ժամանակի ընթացքը:

Միգուցե տեղյակ լինելով այս մասին, Ռուսաստանի նախագահն անցյալ տարի ըստ երևույթի հարթեցրել է դեմքի կնճիռները «բոտոքս»-ի միջոցով: Համացանցի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու մասին օրենքը ստորագրելուց փոքր-ինչ հետո նախագահ Պուտինը երեքշաբթի օրն անցկացրել է Սելիգեր լճի մոտակայքում գտնվող՝ Կրեմլի կողմնակից հավակնոտ երիտասարդության ամենամյա ճամբարում: Հեռուստացույցով ցուցադրված պատկերները սակայն ընդհանրապես համոզիչ չէին, մանավանդ ամբոխում գտնվող գեղեցիկ երիտասարդ կանանցից մեկից ստացված ճաշի հրավերի պատկերը:

Այս տեսարանն ինձ հիշեցրել է Վիետնամի պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռիչարդ Նիքսոնին, որը քոլեջների ուսանողների նկատմամբ իր համակրանքը դրսևորում էր՝ այցելելով Միացյալ Նահանգների ռազմական ակադեմիայի՝ Ուեսթ Փոյնթի ավարտական արարողությունները:

Ձախից աջ՝ «Փուսի Ռայըթ» ֆեմինիստական փանք խմբի մասնակիցներ Նադեժդա Տոլոկոննիկովան, Եկատերինա Սամուցևիչն ու Մարիա Ալյոխինան՝ 2012 թվականի հուլիսի 23-ին անցկացված դատավարության ընթացքում դատարանի դահլիճի խցում՝ ոստիկանության ծառայողի հսկողության ներքո: (Լուսանկար՝ AP Photo/Ալեքսանդր Զեմլյաչենկո)

Այս ընթացքում նախագահ Պուտինի «մարտիրոսներ ստեղծող մեքենան» առաջ է սլանում:

Պուտինն ըստ էության կարծում է, թե բանտարկության մեջ գտնվող փանք ֆեմինիստներին աջակցության մասին հայտնում են սովորական «կասյածյալները»՝  «Amnesty International»-ը, ԱՄՆ-ի արտգործնախարարությունը, բրիտանացի ռոք երգիչ Սթինգը, «New York Times» ամերիկյան թերթի խմբագրականների հեղինակները, ինչպես նաև Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույցերի մասնակիցները:

Սակայն Կրեմլին ավելի շատ մտահոգում են Ռուսաստանի քաղաքական մտքում տեղի ունեցած փոփոխությունները: Հարցումների ընթացքում մարդիկ նշում են, որ պատիժը չի համապատասխանում հանցանքին: Ռուսաստանի բլոգերները գրում են ցուցադրական դատավարության մասին:

«Լևադա» կազմակերպության կողմից վերջերս անցկացված հարցման մասնակիցների 43 տոկոսը նշել է, որ երկուսից յոթ տարվա ազատազրկումն անհամաչափ պատիժ է: Հարցման մասնակիցների ընդամենը 17 տոկոսն է հայտնել եկեղեցու բարձրագույն ղեկավարների կողմից «Փուսի Ռայըթ» խմբի մասնակիցների նկատմամբ խիստ պատժամիջոցների կիրառման պահանջը սատարելու մասին: Նախագահ Պուտինի կողմից ՊԱԿ-ում ստացված վերապատրաստումը կարող է թույլ չտալ իրեն հասկանալ հետևյալ միտքը՝ բանտարկության ժամկետը հաճախ դառնում է քաղաքական հաջողակ կարիերայի կետերից մեկը: Աշխարհում քաղաքական ներկայիս բազմաթիվ առաջնորդներ նախկինում ապստամբներ են եղել:

Ռուսաստանում «գաղափարախոսական ձմեռ» հաստատելուց առաջ նախագահ Պուտինին անհրաժեշտ է ուսումնասիրել քաղաքական այն գործիչների կյանքի պատմությունը, որոնց հետ նա հաճախակի կողք կողքի է կանգնում:

Իրենց գործունեության գագաթնակետին «Փուսի Ռայըթ»-ի կատարումներն առաջացրել են Կրեմլի զայրույթը: Մոսվայի Կարմիկ հրապարակում այս տարվա հունվարի 20-ին խմբի մասնակիցները կազմակերպել են փանք համերգ՝ ընդդեմ նապագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի կողմից իր թեկնածությունը երրորդ անգամ դնելու: Պուտինը մարտի 4-ին հաղթանակ է տարել ընտրություններում և մինչև 2018 թվականը կզբաղեցնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Լուսանկար՝ Retuers/Դենիս Սինյակով

Ռուսաստանից դեպի հարավ գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1999 թվականին վեց ամիս անցկացրել է բանտում՝ իսլամիստական բանաստեղծություն արտասանելու համար: Թուրքիայի մոտակայքում գտնվող Եգիպտոսի ներկայիս նախագահ Մոհամեդ Մորսին անկախ դատավորներին աջակցություն ցուցաբերելու համար 2008 թվականին դատապարտվել էր ութ ամսվա բանտարկության:

Նախագահ Պուտինի գործընկերների խմբում՝ «BRICS» պետությունների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի խմբի նախագահներից երկուսը նախկինում դատապարտված են եղել բանտարկության:

Հարավային Աֆրիկայի նախագահ Ջեյքոբ Զուման 1960-ականների սկզբին ռասայական խտրականության դեմ պայքարի համար տասը տարի անցկացրել է բանտում:

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, որոշ ժամանա, օգտագործելով ժամանակակից տերմինները, զբաղվել է ահաբեկչական գործունեությամբ: 1968-ից 1969 թվականներն ընկած ժամանակահատվածում նա գլխավորել է «Revolutionary Armed Vanguard Palmares» մարքսիստական ապստամբների մի խմբավորում: Ռուսեֆին ձերբակալելու ժամանակ նա իր մոտ ունեցել է ատրճանակ: Նա ենթարկվել է խոշտանգումների, ապա ազատազրկվել՝ երեք տարով: Ռուսեֆի նախկին զինակիցներից մեկը՝ Կարլոս Մինքը, մինչև վերջին ժամանակները զբաղեցրել է Բրազիլիայի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը:

Նայելով դեպի ապագան՝ դժվար չէ պատկերացնել, որ 20 տարի անց, 2032 թվականին, ապագա լրագրողներից մեկը, լինելով Մոսկվայում, կհրապարակի մի հոդված, որտեղ կնկարագվի այն, թե ինչպես 56-ամյա նախագահ Նավալինին առողջապահության նախարարի պաշտոնում է նշանակել Դումայի 43-ամյա պատգամավոր Տոլոկոննիկովային:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Ռուսաստանի դատախազները և բանտերի պահակները պետք է զբաղվեն ժամանակակից պատմության ընթերցանությամբ – և հարգանքով վերաբերվեն քաղբանտարկյալներին:

 

  • Page 2 of 2
  • <
  • 1
  • 2
Ջեյմս Բրուքը «Ամերիկայի Ձայն»-ի Մոկսվայի գրասենյակի ղեղավարն է: Գրասենյակը լուսաբանում է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունները: «New York Times» օրաթերթում աշխատելու ժամանակ նա եղել է թերթի օտարերկրյա պետություններում թղթակիցներից մեկը՝ լուսաբանելով Աֆրիկայում, Կանադայում, Ճապոնիայում և Կորեայում տեղի ունեցող իրադարձությունները: Բրուքն ուսումնասիրել է ռուսաց լեզուն Բրեժնևի կառավարման ժամանակ, որպես թղթակից այցելել է Մոսկվա Գորբաչովի կառավարման վերջին ամիսների ընթացքում, ապա կրկին այցելել Ռուսաստան՝ Ելցինի օրոք և Պուտինի կառավարման սկզբի տարիներին: Նա բնակություն է հաստատել Մոսկվայում 2006 թվականին՝ սկսելով իր աշխատանքը «Bloomberg» գործակալությունում: «Ամերիկայի Ձայն»-ի Մոսկվայի գրասենյակին Բրուքսը սկսել է 2010 թվականին: Ջիմի հրապարակած նյութերին կարող եք հետևել «Twitter» կայքում՝ հետևյալ հասցեով. @VOA_Moscow.

Կարդացեք Ջեջմս Բրուքի բլոգը անգլերեն կամ ռուսերեն

Categories